Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։
21:00-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կառավարության համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալությանը հայտնել է, որ ինքնապաշտպանական ուժերը գրոհ են ձեռնարկել Դոնեցկի հանգստյան տներից մեկում, որտեղ բնակվում են Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողներն ու իրենց ընտանիքի անդամները։ Ռուդենկոյի փոխանցմամբ, ներքին զորքերի՝ հանգստյան տանն ապաստանած զինծառայողները ցույց են տալիս դիմադրություն, ծավալվել է փոխհրաձգություն, կան տուժածներ։ Նշենք, որ տեղեկությունն այս պահի դրությամբ այլ սկզբնաղբյուրներով դեռ չի հաստատվել։
20։20-Երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Մարիուպոլ մտած զորքը դուրս է եկել քաղաքից։ Այժմ հաշվում են ուկրաինական ուժայինների հատուկ գործողության արդյունքում քաղաքացիական բնակչության և ինքնապաշտպանական ուժերի շրջանում գրանցված զոհերի թիվը։ Որոշ տվյալների համաձայն, դրանց թիվը հասնում է մինչև 2 տասնյակի։ Քաղաքում ծավալված իրադարձությունների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ Ուկրաինայում ուժայինները գրոհել են Մարիուպոլ քաղաքը. կան զոհեր
16։30-Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ռուսամետ ինքնապաշտպանական ուժերը Մարիուպոլ քաղաքում առգրավել են ուկրաինական զինված ուժերին պատկանող տանկերից մեկը։ Բացի այդ, հայտնի է նաև, որ Իլյիչևի հիվանդանոց են բերել հրազենային վնասվածքով 10 հոգու, ակնկալվում է, որ առաջիկա ժամերին նոր վիրավորների կտեղափոխեն հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է Russia Today կայքի թղթակիցն իր թվիթերյան միկրոբլոգում։
15։35 ” Մարիուպոլի ներքին գործերի վարչության շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ծուխը երևում է շրջակայքից։ Դեպքի վայրում աշախտում են մեծ թվով հրշեջներ։
15։02 ” Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Մարիուպոլում աղբյուրներին, տեղեկացնում է, որ քաղաքում այսօր ընթացած գործողության հետևանքով 2 մարդ է սպանվել, 8 հոգի վիրավորվել է։
15։00 ” Մարիուպոլում իրավիճակը բավական լարված է։ Քաղաքում հնչում են կրակոցներ, ականատեսները նկարահանում են ուկրաինական դրոշներով զրահատեխնիկայի տեղաշարժը։
13։42 ” Դոնեցկում «Դոնեցկի ազգային հանրապետության» անդամները գրավել են «Դոնբաս» հեռուստաընկերության շենքը։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան աղբյուրները՝ հղում կատարելով ԴԱՀ-ի ներկայացուցիչներին։
13։37 ”Տեսանյութի հեղինակը նշում է, թե այն նկարվել է Մարիուպոլում այսօր։ Ըստ տարբեր աղբյուրների՝ քաղաքում փոխհրաձգություններ են գրանցվում, ցուցարարները սկսել են այրել անիվներ։
13։35 ” Կիևում ուժեղ հրդեհ է բռնկվել Ուկրաինայի ազգային հեռուստառադիո ընկերության կաբելային կոլլեկտորում։ Հրդեհը մարելու համար աշխատում են մեծ թվով հրշեջ հաշվարկներ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հրդեհի պատճառը եղել է այնտեղ նետված «մոլոտովյան կոկտեյլը»։
13։25 ” Մարիուպոլում վերսկսվել է փոխհրաձգությունը։ Ուկրաինացի իրավապահները փորձում են գրոհով վերցնել Մարիուպոլի ոստիկանական բաժանմունքը, որն անցել է ռուսամետ ուժերի վերահսկողության ներքո։ Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ գրոհի ժամանակ վիրավորներ են եղել։ Ինքնապաշտպանական ուժերը տեղեկացնում են, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 հոգի։
12։00-Մայիսի 8-ին Լուգանսկում ռուսամետ դիրքորոշում ունեցող բնակիչներն առևանգել են «Օստրայա մագիլա» հուշակոթողի տարածքում տեղակայված Տ-34 տանկը։ Բնակիչները սկսել են լուսանկարվել տանկի կողքին և տանկի վրա՝ լուսանկարները տեղադրելով համացանցում։ Ըստ «Ինտերֆաքս Ուկրաինա» պարբերականի՝ ցուցարաները մտադիր են մայիսի 9-ին տանկով անցնել քաղաքի կենտրոնական հրապարակով։
11։15-Ռուս-ուկրաինական սահմանին՝արևելյան Լուգանսկ քաղաքի «Իզվարինո» անունը կրող սահմանային անցակետի վրա մայիսի 8-ի երեկոյան հարձակվել են 40 զինված անձինք։ Նրանք փորձել են հսկողության տակ վերցնել անցակետը, սակայն ուկրաինացիներին հաջողվել է հետ մղել հարձակումը։
Այս մասին հաղորդում է ուկրաինական «Պոդրոբնոստի» պարբերականը՝ հղում տալով պետական սահմանապահ ծառայության հաղորդած տվյալներին։
Ըստ հաղորդագրության՝ սահմանային անցակետին Ուկրաինայից դուրս գալու թույլտվությունը ստանալու պատրվակով մոտեցել են 2 միկրոավտոբուսներ։ Դրանցից հանկարծակիորեն դուրս են եկել 40 զինված անձինք և սպառնացել սահմանապահներին՝ եթե չհեռանան անցակետից, 30 վայրկյանի ընթացքում կրակ կբացեն։ Սահմանապահները հրաժարվել են հանձնվել, և սկսվել է զինված բախում։ Անհայտ անձինք պայթուցիկներ են նետել անցակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Որոշ ժամանակ անց զինված անձինք նստել են իրենց ավտոբուսները և հեռացել դեպի Ուկրաինայի տարածք։ Ներկա դրությամբ հրդեհը մարված է, սակայն սահմանային անցակետը չի գործում։
Հայտնի է նաև, որ նույն ժամանակահատվածում Պոլտավի շրջանի Ռեշետիլովկա ավանում անհայտ անձանց մի խումբ հարձակվել է ոստիկանների վրա։ Վերջիններիս հարկադրված են եղել հրազեն կիրառել, ինչի պատճառով էլ հարձակվողներից մեկը սպանվել է։
11։12 ”Օդեսայի շրջանում ծանր վիրավորվել է Իսմաիլի քաղաքային խորհրդի պատգամավորը, ով որովայնի հատվածում ստացված հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առնչությամբ Ուկրաինայի ՆԳՆ-ում քրեական գործ են հարուցել։ Պատգամավորի վրա կրակ է բացել անհայտ անձը։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք այս միջադեպը կապված է Ուկրաինայի հարավարևելյա շրջաններում Կիևի իշխանությունների և ռուսամետ ուժերի միջև ընթացող պայքարի հետ։
11։10 ” Դոնեցկում գիշերը կրակոցներ են հնչել, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախ քաղաքի բնակիչները կենտրոնական փողոցների մոտակայքում պայթյունի ձայն են լսել, որին էլ հետևել է ինքնաձիգից արձակված կրակահերթը։ Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։
Նշենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։
Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։