Դոնեցկը Պուտինի առաջարկը չընդունեց. հանրաքվեն չի հետաձգվելու

Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ազգային խորհրդի անդամները որոշել են հաշվի չառնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը և չհետաձգել շրջանի անկախությանը միտված հանրաքվեի անցկացումը։  

Ինչպես և նախատեսված էր, հանրաքվեն կայանալու է սույն թվականի մայիսի 11-ին։ Այս մասին ռուսաստանյան«Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետի տեղակալ Միրոսլավ Ռուդենկոն։

Դոնեցկ

Դոնեցկ

Հարկ է նշել նաև, որ Լուգանսկ շրջանի հանրային խորհուրդը ևս որոշել է չհետաձգել ու անցկացնել դաշնություն ստեղծելու հանրաքվեն մայիսի 11-ին՝ անտեսելով ՌԴ նախագահի առաջարկը։

Հիշեցնենք, որ  մայիսի 7-ին Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող համանախագահ Դիդյե Բուրքհալթերի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը կոչ է արել Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին մայիսի 11-ի նախանշած հանրաքվեն հետաձգել, որպեսզի հնարավոր լինի դրա անցկացման համար «համապատասխան պայմաններ ստեղծել»։ 

Պուտինը նաև շեշտել էր . «Մեզ միշտ ասում էին, որ ուկրաինական սահմանին կից մեր զորքերն անհանգստություն են հարուցում։ Մեր զորքերին արդեն դուրս ենք բերել, նրանց այժմ միայն այն հատվածներում են, որտեղ ամենամյա զորավարժություններ են անցկացվում»։ 

Միաժամանակ, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է՝ ուժային գործողությունները երկրի արևելքում շարունակվելու են անկախ նրանից՝ արդյոք Դոնեցկը կորոշի հետաձգել մայիսի 11-ին նախանշված ինքնորոշման հանրաքվեն, թե ոչ։

Հայտնի է նաև, որ Դոնեցկի  հանրաքվեի անցկացման համար նախատեսված քվեաթերթիկներից շուրջ 1 մլն հատ անհայտ անձանց կողմից ոչնչացվել են մայիսի 7-ի գիշերը։

Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են երկխոսություն վարել Ուկրաինայի արևելքի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ակտիվիստների և գործարարների հետ, սակայն զինված անձանց հետ պետությունը երկխոսություն չի ունենա։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *