Հորդանանում 2014-ի մայիսի 1-ից 5-ն անցկացվել է աշխարհի տարբեր երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների ամենամյա հեղինակավոր առաջնությունը, որին մասնակցել է 18 երկրների՝ հատուկ նշանակության 33 ջոկատ։ Ամենամյա մրցույթի հաղթող այս տարի ճանաչվել է Չինաստանի՝ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը։ Այս մասին հայտնում է չինաստանյան Chinamil ռազմական լրատվակայքը։
Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի նախաձեռնած և նրա բարձր հովանու ներքո անցկացվող ամենամյա այս մրցույթը համարվում է ամենահեղինակավորներից մեկն աշխարհում։ Հարկ է նշել, որ 2014-ի մրցույթին մասնակցել են ինչպես արաբական մի շարք երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Կանադայի հատուկջոկատայինները։
Ինչ վերաբերում է հաղթանակ տարած թիմին, ապա հայտնենք, որ չինաստանցի հատուկջոկատայինները զբաղեցրել են առաջին տեղը բոլոր անվանակարգերում՝ արձանագրելով լավագույն արդյունքները ինչպես անհատական, այնպես էլ թիմային գործողություններում։
Մրցույթի ժամանակ մասնակիցները ցուցադրում են իրենց ֆիզիկական ու կրակային պատրաստվածության աստիճանը։ Առանցքային տեղ է հատկացված նաև պատանդների ազատման գործողություններին։
Նշենք, որ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը հատուկ նշանակության զորքերի ու գործողությունների մեծ սիրահար է։ Թագավորի հենց այս հակումն էր պատճառներից մեկը, որ 2009-ին երկրում ստեղծվեց հատուկ գործողությունների ուսումնական կենտրոն, որն իր մեջ ներառում է 67 շինություն, զանազան կրակակետեր, օդանավակայան, ինչպես նաև քաղաքացիական օդանավ՝ պատանդների ազատման սցենարով գործողությունների իրականացման համար։