Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 8

Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին։

Ուկրաինայի արևելքի «ինքնապաշտպանության ուժերի» անդամները

Ուկրաինայի արևելքի «ինքնապաշտպանության ուժերի» անդամները

20։30-Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը թվիթերյան իր միկրոբլոգում արել է գրառում, որում տեղեկացրել է, որ ուկրաինական կողմը թույլ չի տվել Մոլդովա թռչող իր օդանավի մուտքն Ուկրաինայի օդային տարածք։ Օդաչուները հարկադրված են օդանավը հասցնել Քիշինև՝ Բուլղարիայի և Ռումինիայի օդային տարածքով։

18:00-Ուկրաինայի ուժայինները գրոհել են Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքի քաղխորհրդի շենքը։ Դեռևս չճշտված տեղեկություններով՝ գրոհի գետևանքով վիրավորվել է 1 քաղաքացիական։ Ականատեսների վկայությամբ՝ ենթադրաբար ուկրաինական ազգային գվարդիայի մարտիկներ հանդիսացող զինված անձինք շրջափակել են ադմինիստրատիվ շենքն ու ինքնաձիգերից կրակ բացել օդ, ինչպես նաև գետնին։

Ի պատասխան ուժայինների գործողություններին, քաղխորհրդի շենքում բարիկադավորված ցուցարարները վառել են ռետինե անվադողեր։ Համացանցում տարածվել է նաև տեսագրություն, որն արված է քաղխորհրդի շենքի հարևանությամբ։

17։00-Դոնեցկում հեռուստահեռարձակում իրականացնող «Դոնբասս» հեռուստաընկերությունն անցել է ինքնահռչակ հանրապետության վերահսկողության տակ։ Դրա ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիժկովը մի քանի այլ անձանց ուղեկցությամբ ներկայացել է հեռուստաընկերություն և հանձնել համապատասխան որոշումը, որում նշվում է, որ հաշվի առնելով Դոնեցկում ստեղծված իրավիճակը, ծագել է անհրաժեշտություն՝ սահմանել վերահսկողություն հեռահաղորդակցության բոլոր միջոցների՝ հեռուստաալիքների, ռադիոկայանների և մալուխային օպերատորների նկատմամբ։

Ռիժկովը հավելել է, որ վերահսկողության սահմանումը ժամանակավոր է և չի ենթադրում գրաքննություն։

16։00-Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ազգային խորհրդի անդամները որոշել են հաշվի չառնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը և չհետաձգել շրջանի անկախությանը միտված հանրաքվեի անցկացումը։ Ինչպես և նախատեսված էր, հանրաքվեն կայանալու է սույն թվականի մայիսի 11-ին։ Այս մասին ռուսաստանյան «Ինտեֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետի տեղակալ Միրոսլավ Ռուդենկոն։

15։30-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ ուժային գործողությունները երկրի արրևելքում շարունակվելու են անկախ նրանից՝ արդյոք Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունում կորոշեն հետաձգել մայիսի 11-ին նախանշված ինքնորոշման հանրաքվեն, թե ոչ։

15:00-ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Ուկրաինան շարունակում է զորքերի կուտակումը Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում։ Փոխնախարարը հավելել է, որ ըստ իրենց գնահատականի՝ ուկրաինական կողմը սահմանամերձ շրջաններում կենտրոնացրել է ընդհանուր առմամբ շուրջ 15 000 զինծառայող։

14։20-Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից վարչապետ նշանակված Արսենիյ Յացենյուկը ծրագրել է ուկրաիներենի հետ համատեղ ռուսերենը ևս պետական լեզու հռչակել։ Նա սակայն շեշտել է, որ դեռևս չի ստացել խորհրդարանի աջակցությունն այս հարցում։ Յացենյուկի ծրագրերի շարքում է նաև մայիսի 25-ին համաուկրաինական հանրաքվեի անցկացումը, որի նպատակը քաղաքացիների՝ Ուկրաինայի պետական կառուցվածքի, միասնականության և այլ կարևոր հարցերի շուրջ տեսակետների արձանագրումն է ու դրանցից համապատասխան հետևություններ կատարելը։

14։00 ” Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության հանրաքվեի անցկացման համար նախատեսված քվեաթերթիկներից շուրջ 1 մլն հատ անհայտ անձանց կողմից ոչնչացվել են մայիսի 7-ի գիշերը։ Այս մասին հաղորդում է Դոնեցկի ոստիկանությունը։ Վկաների խոսքերով՝ անհայտ անձինք ներխուժել են տպագրատներից մեկը, ոչնչացրել 800 հազար հատ քվեաթերթիկ, շարքից հանել տպագրական սարքը։ Նմանատիպ միջադեպ գրանցվել է Դոնեցկի մեկ այլ տպագրատանը, որտեղ էլ ոչնչացրել են 300 հազար հատ քվեաթերթիկ։ Վկաները մեղադրում են «Պրավիյ սեկտորի» անդամներին։

Հիշեցնենք, որ Դոնեցկի անկախացմանը միտված հանրաքվեն պետք է կայանա մայիսի 11-ին։

13։55 ” Լուգանսկ շրջանի հանրային խորհուրդը որոշել է անցկացնել դաշնություն ստեղծելու հանրաքվեն, թեև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինւը նախօրեին առաջարկել էր հետաձգել այն՝ ավելի հարմար պայմաններում անցկացնելու համար։ Լուգանսկում որոշել են հանրաքվեն չհետաձգել և անցկացնել մայիսի 11-ին, տեղեկացնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը։

10։50ՆԱՏՕ-ի և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք չեն վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրերս արված հայտարարությանը, որի համաձայն՝ ՌԴ-ն հետ է քաշել իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ ներկայումս Ուկրաինայի սահմանին կանգնած են 40 հազար ՌԴ ԶՈւ զինծառայողներ։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող համանախագահ Դիդյե Բուրքհալթերի հետ հանդիպմանը Պուտինը շեշտել է . «Մեզ միշտ ասում էին, որ ուկրաինական սահմանին կից մեր զորքերն անհանգստություն են հարուցում։ Մեր զորքերին արդեն դուրս ենք բերել, նրանց այժմ միայն այն հատվածներում են, որտեղ ամենամյա զորավարժություններ են անցկացվում»։ Բացի այդ, ՌԴ նախագահը կոչ է արել Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին մայիսի 11-ի նախանշած հանրաքվեն հետաձգել, որպեսզի հնարավոր լինի դրա անցկացման համար «համապատասխան պայմաններ ստեղծել»։

10։20 – Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են երկխոսություն վարել Ուկրաինայի արևելքի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ակտիվիստների և գործարարների հետ, սակայն զինված անձանց հետ պետությունը երկխոսություն չի ունենա։ Այս մասին Ուկրաինայի ռադայում հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինով։

10։15 – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ անվտանգության խորհրդի նիստը կայացել է մայիսի 7-ի ուշ երեկոյան։ Հանդիպմանը, Ուկրաինայի դեպքերից բացի, քննարկել են նաև այլ միջազգային զարգացումներ։

Նշենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։

Ինքնապաշտպանական ուժերը հայտնել են նաև իրենց շարքերում և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո նմանատիպ փորձեր են արել նաև այլ ուղղություններով, մասնավորապես Կրամատորսկում, ինչի արդյունքում արդեն մի քանի օր է, ռուսամետ ուժերի վերահսկողության տակ բնակավայրերում մարտեր են տեղի ինքնապաշտպանական ուժերի և ուկրաինական ուժային կառույցների միջև։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։

Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *