ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը զորավարժություններ է անցկացնում

Մայիսի 5-ին ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի 2 նավախմբեր դուրս են եկել Մախաչկալայից և Աստրախանից՝ Կասպից ծովի ջրային տարածքներում զորավարժությունների մասնակցելու համար։ Վարժանքները տևելու են մինչև մայիսի 8-ը։

Դաղստան հրթիռային ռազմանավը

Դաղստան հրթիռային ռազմանավը

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, վարժանքներն անցկացվում են նավատորմիղի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Ալյոկմինսկու գլխավորությամբ իրականացված հանկարծակի ստուգումների շրջանակներում։

Ըտս աղբյուրի՝ վարժանքներին գործարկվելու են 20 ռազմանավ, այդ թվում՝ «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ» և «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը, «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը։ Նավերի մի մասը, համաձայն նախապես գրված սցենարի, պետք է շրջանցի ականապատ տարածքը և հարձակվի պայմանական հակառակորդի վրա։ Բացի այդ, խաղարկվելու է 2 նավախմբերի միջև ծովային մարտ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի օդուժի մասնակցությամբ։

Հավելենք, որ անվտանգության լիարժեք ապահովման նպատակով՝ զորավարժությունների անցկացման ընթացքում քաղաքացիական նավերի համար փակ է լինելու ավելի քան 2500 կմ ձգվող ջրային զորավարժարանը։

Հիշեցնենք, որ Կասպյան նավատորմիղը մարտի 15-ին դուրս էր եկել Կասպից ծով՝ երկշաբաթյա զորավարժություններ անցկացնելու նպատակով։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը կայանում է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի, նաև Ադրբեջանի ու Իրանի միջև՝ հիմնականում Կասպյան նավթահորերի շահագործման պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *