Տանկային բիաթլոն-2014-ը մոտենում է, մասնակիցները՝ պակասում

2014-ի միջազգային տանկային բիաթլոնի մրցումներին կմասնակցեն առնվազն 12 երկրների լավագույն տանկային անձնակազմեր, իսկ ևս 22 պետություն կմասնակցի դիտորդների մակարդակով: Այս մասին, ըստ ՌԴ ՊՆ կայքի, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Միևնույն ժամանակ Չինաստանն ու Քուվեյթը վերահաստատել են իրենց ցանկությունը՝ տանկային բաիթլոնին մասնակցել սեփական տանկերով: Ռուսաստանն ու մյուս մասնակից երկրներն էլ մրցելու են ՌԴ զինված ուժերի Տ-72Բ ընտանիքի տանկերով: Ռուսաստանը նախատեսում է միջազգային մրցույթի համար պատրաստել Տ-72 տանկի 118 միավոր Տ-72Բ, Տ-72Բ1 ու Տ-72Բ3 արդիականացումներ ու նախապես փորձարկել դրանք հունիսին՝ ՌԴ ԶՈւ համաբանակային տանկային բիաթլոնի ժամանակ։

Նշենք, որ ապրիլի սկզբին Ռուսաստանը հայտնում էր, որ միջազգային մրցույթին մասնակցելու են 14 երկրների տանկային անձնակազմեր, իսկ ավելի վաղ հայտարարվում էր մինչև 22 երկրների մասնակցության մասին: Ընդհանուր առմամբ, 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել 41 երկրի։

Նախարարի խոսքով՝ 2015-ի ռուսաստանյան կողմը նախատեսում է տանկային բիաթլոնի միջազգային մրցույթին ներգրավել նաև տանկեր ու այլ զրահատեխնիկա արտադրող ընկերությունների լավագույն անձնակազմերին՝ իրենց արտադրանքով:

Հայտնի է, որ 2014-ի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ն անցկացվելիք միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեն նաև հետևակի մարտական մեքենաներ, որոնց համար մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում նախատեսված է կառուցել առանձին երթուղիներ։

Միաժամանակ հանդիսատեսի համար ռուսաստանյան կողմը նախատեսում է կառուցել 5000 տեղանոց տրիբունաներ։ Կկառուցվի նաև մրցանակաբաշխության համար նախատեսված հրապարակ։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ խոշոր զորավարժության շրջանակներում։

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Կարմիր, Կապույտ ու Ծիրանագույն տանկերը հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *