Ամերիկյան ռազմածովային ուժերը ստացել են ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G 100-րդ ինքնաթիռը

Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը 2014-ի մայիսի 5-ին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին փոխանցած՝ ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G Growler 100-րդ ինքնաթիռի մասին։ Դրանց մատակարարման գործընթացն ԱՄՆ ՌԾՈւ-ին մեկնարկել է դեռևս 2008-ին։ Նախատեսվում է, որ այս ինքնաթիռները կմնան շահագործման մեջ մինչև 2040 թվականը։ Այս մասին հայտնի է դարձել Boeing (Բոինգ) ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից։

Boeing EA-18G Growler ՌԷՊ ինքնաթիռը

Boeing EA-18G Growler ՌԷՊ ինքնաթիռն ավիակրի վրա վայրէջք կատարելիս

Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) EA-18G ինքնաթիռը ստեղծված է F/A-18F Super Hornet կործանիչի հիման վրա և հարմարեցված է ամերիկյան ռազմածովային ուժերում ավիակիրային շահագործմանը, ինչը սակայն չի նշանակում, որ ցամաքային ավիաբազան չի կարող լինել ինքնաթիռի մշտական տեղակայման վայր։

EA-18G-ն ամերիկյան ՌԾՈւ-ում օգտագործվում է ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային ճնշման, թիրախների ռադիոտեղորոշման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց խոցման համար։ ՌԷՊ կործանիչը բավական արդյունավետ է շնորհիվ սպառազինությունում առկա AGM-154 կառավարվող հրթիռների, որոնք կարելի է կիրառել բավական մեծ հեռավորության վրա (մինչև 560 կմ)։

Գնահատելով EA-18G Growler ինքնաթիռների պահանջարկը` ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունը նշում է, որ չնայած արդեն իսկ շահագործվող 100 ինքնաթիռի առկայությանը, կարիքների լիակատար բավարարման համար անհրաժեշտ կլինի հավելյալ 50-ից 100 միավոր ՌԷՊ ինքնաթիռ։

Ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G Growler ինքնաթիռը շահագործման են հանձնել 2008-ին։ Դրա մեկ միավորի շուկայական արժեքը մոտ 68 միլիոն ամերիկյան դոլար է։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 1 900 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 000 մետր է։ Սպառազինությունում այն ունի կառավարվող հրթիռներ և ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *