Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովի վկայությամբ՝ այսօր՝ մայիսի 6-ին, Արցախի Ակնայի (Աղդամի) շրջանում հայկական կողմին են հանձնել 2014-ի ապրիլի 20-ին սահմանն անցած, 1956-ին ծնված ոմն Վագիֆ Ռուբենի Մաելյանին։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրել է՝ սույն տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նման անուն-ազգանունով գերի ՊՆ-ին հայտնի չէ։
Ռազմինֆոն կապվեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հետ։ Գրասենյակի մամուլի ծառայության ներկայացուցիչներից մեկի՝ Հասմիկ Գալստյանի խոսքերով՝ ադրբեջանական կողմի հաղորդած տեղեկությունն իրողություն է, գերու հանձնումն արդեն կայացել է հայ-ադբրեջանական շփման գծում (Արցախի հատված)։ Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչու մինչ այժմ նման անուն-ազգանունով գերու մասին մամուլին և համապատասխան կառույցներին հայտնի չէ, Հասմիկ Գալստյանը մեկնաբանեց՝ դա ԿԽՄԿ իրավասությունների մեջ չէ, միայն կարող է նշել՝ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակից վերոհիշյալ հայ գերուն այցելել էին։
Նկատենք, որ Մաելյանին այցելության մասին ևս որևէ տվյալներ չեն հրապարակվել։
Ռազմինֆոն փորձեց պարզաբանում ստանալ նաև Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը վկայեց, որ նմանօրինակ հարցերին արձագանքելը ՊԲ իրավասությունների շրջանակներում չէ։
Հիշեցնենք, որ բաց աղբյուրներից ստացված տվյալներով՝ Ադրբեջանում են պահվում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը և 2010-ին Նախիջևանի սահմանը հատած, 5 հոգուց բաղկացած հայ ընտանիքը։ Հայ գերիներ Մամիկոն և Արսեն Խոջայաններին Ադրբեջանը հանձնել է հայկական կողմին։