ԱՄՆ բանակը պատվիրել է հավելյալ 100 միավոր UH-72 Lakota ուղղաթիռ

ԱՄՆ բանակի հրամանատարությունը որոշել է գնել Airbus UH-72 Lakota ուղղաթիռների հավելյալ 100 օրինակ։ Միացյալ Նահանգներում դրանք օգտագործում են ոչ այնքան ռազմական նպատակներով, որքան թմրանյութերի դեմ պայքարի, լոգիստիկայի և ճգնաժամային իրավիճակներում տարհանման աշխատանքների կազմակերպման համար։ Լրացուցիչ ուղղաթիռներ գնելու որոշման մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

UH-72 Lakota ուղղաթիռը

UH-72 Lakota ուղղաթիռը

UH-72 Lakota-ն կոմերցիոն ЕС145 ուղղաթիռի ռազմականացված տարբերակն է, որն արտադրվում է Airbus ընկերության՝ ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի գործարանում։

Միացյալ նահանգները նախատեսում էր մինչև 2015-ը գնել այդ ուղղաթիռների 340 օրինակ ու դրանով սահմանափակել UH-72 Lakota-ների գնումը, սակայն այժմ պատվերի ծավալն ավելացել է 100-ով, ինչը պայմանավորում են մի քանի հանգամանքով։

Բանակի հրամանատարությունը նշում է, որ ուղղաթիռների լրացուցիչ խմբաքանակի մի մասն անհրաժեշտ է օդաչուների ուսուցման համար։ UH-72 Lakota-ն իր՝ համեմատաբար փոքր չափերի շնորհիվ, բավական հարմար է սկսնակ օդաչուների թռիչքային հմտությունների կատարելագործման համար։ Բացի այդ նշվում է, որ ուղղաթիռների նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել նաև օտարերկրյա գնորդները։

Դեռևս 2013-ին Պենտագոնը տվեց համաձայնություն՝ Թայլանդին վաճառել 6 միավոր UH-72 Lakota ուղղաթիռ։ Դեռևս չեն բացահայտվում ուղղաթիռների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մյուս երկրների անունները, սակայն ամերիկյան կողմի պնդմամբ, վերջին շրջանում նկատվել է դրանց թվի զգալի աճ։

Airbus ընկերության ամերիկյան մասնաճյուղի արտադրանքին պատկանող UH-72 Lakota ուղղաթիռը շահագործման են հանձնել 2007-ին։ Դրա մեկ միավորի շուկայական գինը շուրջ 6 միլիոն ամերիկյան դոլար է։ Երկու հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 270 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը մոտ 5 800 մետր է։ Մեկ լիցքավորմամբ UH-72 Lakota-ն կարող է անցնել մինչև 690 կմ հեռավորություն։

One response to “ԱՄՆ բանակը պատվիրել է հավելյալ 100 միավոր UH-72 Lakota ուղղաթիռ

  1. Pingback: Airbus-ն ԱՄՆ բանակի շահագործմանը հանձնեց 300-րդ UH-72A Lakota ուղղաթիռը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *