Ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ» բաց բաժնետիրական ընկերությունը կազմել է արտահանման ենթակա ռազմական արտադրանքի ժամանակացույց, որում տեղ են գտել նաև Սիրիայի համար նախատեսված Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները։ Այս մասին Կոմերսանտ պարբերականի թղթակցին հայտնել է ընկերության աշխատակիցներից մեկը, ով ցանկացել է մնալ անանուն։
Ըստ այդ ժամանակացույցի՝ Սիրիայի համար նախատեսված առաջին 9 ինքնաթիռները պատրաստ կլինեն մատակարարման մինչև 2015-ի վերջը, սակայն այլ հարց է, թե արդյոք կիրականանա գործարքը՝ հաշվի առնելով Սիրիայի շուրջ ստեղծված քաղաքական անբարենպաստ պայմանները։
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Մոսկվայի և Դամասկոսի միջև 2011-ին կնքված պայմանագրի համաձայն Սիրիան մինչև 2016-ի վերջը պետք է ստանար 36 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ։ Ընդ որում, պատվերի առաջին խմբաքանակը պատվիրատուն պետք է ստանար դեռևս 2013-ին։ Հարկ է նշել, որ Սիրիան վճարել էր պայմանագրի կանխավճարը, որը կազմում էր 100 միլիոն ամերիկյան դոլար։
Աղբյուրը նշել է նաև, որ ռազմական արտադրանքի արտահանման տեսանկյունից Սիրիան Ռուսաստանի համար ամենախնդրահարույց պատվիրատուներից մեկն է։ Խնդիրը ՆԱՏՕ-ի և մասնավորպես ԱՄՆ-ի կողմից ստեղծվող խոչընդոտներն են, որոնց նպատակը ռուսաստանյան զենքի՝ Ասադի ձեռքերում հայտնվելու կանխարգելումն է։
Ընդ որում, նման խոչընդոտներ ստեղծելու համար գործի են դրվում ոչ միայն քաղաքական ու դիվանագիտական, այլև տնտեսական լծակները։ Որպես ասվածի օրինակ կարելի է նշել 3 միավոր Մի-25 (Մի-24 հարվածային ուղղաթիռի արտահանման համար նախատեսված տարբերակը) ուղղաթիռների վերադարձը Սիրիա։
Դրանք Ռուսաստանում էին վերանորոգման նպատակով, իսկ հետդարձի ճանապարհին բրիտանական Standard Club ապահովագրական ընկերությունը չեղյալ համարեց պայմանագիրը ռուսաստանյան կողմի հետ, ինչի հետևանքով ուղղաթիռները տեղափոխող նավը չէր կարող մտնել որևէ նավահանգիստ՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով։
Նշենք նաև, որ ուղղաթիռներն այդուամենայնիվ հասան Սիրիա, սակայն օդային ճանապարհով, ինչնն անհամեմատ ավելի թանկ է։
Ռուսաստանյան արտադրության Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը շահագործման են հանձնել 2010-ին։ Ինքնաթիռի մեկ միավորի շուկայական գինը շուրջ 15 միլիոն ամերիկյան դոլար է։ Յակ-130-նն ունակ է զարգացնել մինչև 1060 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 12 500 մետր է, մեկ լիցքավորումով այն կարող է անցնել շուրջ 2 000 կմ։ Սպառազինությունում Յակ-130-նն ունի 23 մմ-անոց հրանոթներ, «օդ-օդ» դասի և չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։
Հիշեցնենք, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Հայաստանը։