Նույն սահմանն ու հայրենիքն ենք պահում. եզդի զինծառայողները ծառայության մասին (վիդեո)

22 ամիս ծառայում եմ այստեղ։ Հպարտացել եմ ու հպարտանում եմ, որ կարողանում եմ սահման պահել, բացի այդ էլ, հենակետի ավագ եմ։ Հրամանատարությունը գոհ է մեզնից, միշտ էլ շեշտել են, որ եզդիները հայերի հետ սահմանը լավ են պահում։

Ազգությամբ եզդի զինծառայող, սերժանտ Հասան Ալոյանը

Ազգությամբ եզդի զինծառայող, սերժանտ Հասան Ալոյանը

Սրանք Տավուշի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ազգությամբ եզդի զինծառայող, սերժանտ Հասան Ալոյանի խոսքերն են։

Զինծառայողի հետ զրուցում ենք, փորձում հասկանալ` ինչպես է անցնում համատեղ ծառայությունը մյուս ազգերի ներկայացուցիչների հետ։
«Միշտ էլ մեր ազգային տոները զորամասում հիշում են, շնորհավորում»,- շարունակում է Հասանը։

«Ինձ համար կապ չունի՝ հայ է, եզդի, ասորի, ինձ համար զինվորը զինվոր է, թող անփորձանք ծառայեն ու իրենց ընտանիքներին հասնեն։ Էլի նույն սահմանն ենք պահում, նույն հայրենիքն ենք պահում, մեր ազգն ենք պահում»,- ժպտալով պատասխանում է սերժանտ Ալոյանը։

Իսկ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյանը կոտրում է այն կարծրատիպը, թե մյուս ազգերի ներկայացուցիչներին որևէ կերպ ճնշում են կամ էլ նեղում։

«Իմ տեղակալն էլ ասորի է, ի՞նչ ճնշելու կամ նեղելու մասին է խոսքը»,- ծիծաղում է հրամանատար Մինասյանը։

«Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք մեր ազգային փոքրամասնությունների հետ շատ լավ ենք ծառայում, ու հավաստիացնում եմ, որ իրենք էլ շատ պատասխանատու են և լավ են ծառայում»,- ասում է փոխգնդապետն ու շեշտում, որ բացի հայերից, եզդիներից, զորամասում ծառայություն են անցնում նաև ազգությամբ ասորի երիտասարդները։

Ըստ զորամասի հրամանատարի՝ ոչ մի տարբերություն չի դրվել ու չի դրվում, ոչ ոք ոչ մեկին ազգային փոքրամասնության համար երբևէ ոչին չի ասել։

«Բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Տոների կապակցությամբ շնորհավորում ենք, հիշատակի օրերը հիշատակում։ Դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակում է փոխգնդապետ Մինասյանը։

Հիշեցնենք, որ զորամաս այցելությունը կազմակերպվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում։ Ուխտագնացությունը կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:

Զորամասում մատուցված սուրբ պատարագի, հոգևոր դաստիարակության մասին Ռազմինֆոյի ռեպորտաժին սպասեք առաջիկայում։

One response to “Նույն սահմանն ու հայրենիքն ենք պահում. եզդի զինծառայողները ծառայության մասին (վիդեո)

  1. Pingback: Նույն սահմանն ու հայրենիքն ենք պահում. եզդի զինծառայողները ծառայության մասին (վիդեո) Ռազմ.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *