Խորվաթիայի ԶՈւ ԳՇ պետը ժամանելու է Ադրբեջան

Խորվաթիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դարագո Լովրիչը մայիսի 6-ին ժամանելու է Ադրբեջան՝ պաշտոնական այցով։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Լովրիչը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ։ Բացի այդ, Խորվաթիայի պաշտպանության նախարարն այցելելու է Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիա և ուսումնամարտական կենտրոն։

Նկատենք, որ այցի ժամանակահատվածում Ադրբեջանում կայանալու են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվելիք վարժանքներ, որոնց որպես դիտորդ մասնակցելու է նաև Լովրիչը։

Ըստ աղբյուրի՝ այցը տևելու է մինչև մայիսի 8-ը։

Հավելենք, որ 2013-ի փետրվարին Բաքու էր այցելել Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը։ Նա հանդիպել էր Ադրբեջանի այդ ժամանակվա իր պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ։ Հանդիպման ավարտին կնքվել էր ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ փոխըմբռնման արձանագրություն։

2013-ի ընթացքում Ադրբեջանը ռազմական կցորդներ էր նշանակել մի քանի երկրներում, այդ թվում՝ Խորվաթիայում։

Նշենք, որ Ադրբեջանն ու Խորվաթիան լայնորեն համագործակցում են ականազերծման բնագավառում։ Այսպես, դեռևս 2009-ին Խորվաթիայի ականազերծման կենտրոնի (CROMAC) և ANAMA-ի միջև կնքվել է մարդասիրական ականազերծման համաձայնագիր: 2013-ի մարտի 27-ին CROMAC-ի և Խորվաթիայում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ քննարկվել էր Թուրքիայի հետ սահմանային տարածքների ականզերծման նախագիծը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *