Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն 3200 մետր այլընտրանքային ավտոճանապարհը կշահագործվի 2014 թվականի հուլիս ամսից: Այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոմեքենաների անվնաս երթևեկությունը:
Այս մասին մայիսի 2-ին այլընտրանքային ճանապարհը ցույց տալով լրագրողներին ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Հավելենք, որ 2014 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության նիստում որոշվել էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարության համար պետբյուջեից հատկացնել ավելի քան 535 մլն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող զոհվել էր, 3 հոգի՝ վիրավորվել։ Միջադեպից հետո ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար ու Պառավաքար-Բերդ հատվածները փակվել էին՝ անվտանգության աշխատանքներ կատարելու նպատակով։
Տեղեկացնենք, որ մարզպետի հետ հանդիպումն իրականացվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում: Ուխտագնացությունը կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:
Ռազմինֆոյի ռեպորտաժներն ու պատմությունները սահմանամերձ գյուղերից կլինեն առաջիկայում: