Ուկրաինայի ԶՈւ զրահամեքենաներից կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ուկրաինայի արևելյան Կոնստանտինովկա ավանում մայիսի 4-ին ուկրաինացի զինվորականները, որոնք տեղաշարժվում էին 4 զրահամեքենաներով, կրակ են բացել հենակետերից մեկի ուղղությամբ և շարժվել դեպի Դոնեցկ։ 

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ակտիվիստները։

Նրանցից մեկի խոսքերով՝ զրահատեխնիկան քաղաք է մտել Դրուժովսկի կողմից, զրահափոխադիչներ են նկատվել նաև Նովոսելովսկի շրջանում, իսկ հեռուստաաշտարակի մոտ նշմարել են դիպուկահարների։ Նախնական և ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հենակետին կից եղել են խաղաղ բնակիչներ, որոնց տուժել են կրակոցներից։

Քաղաքում մարտեր են ընթանում Չերնովիյ թաղամասում, լսելի են կրակահերթեր։ Ռուսաստանյան Lenta.ru լրատվակայքին «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Մալցևը հեռախոսազրույցում հայտնել է՝ ամբողջ Կոնստանտինովկան կրակների մեջ է, «4 զրահափոխադիչներ, որոնք պատկանում են Կիևին, ուղևորվել են դեպի Դոնեցկ»։ Նրա խոսքերով՝ քաղաքում մայիսի 4-ի դրությամբ քաղաքում անջատել էին լուսավորությունը, քաոսային իրավիճակ էր տիրում։

Մայիսի 5-ի դրությամբ քաղաքից տեղեկություններ դեռևս չկան։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները երկրի արևելյան շրջաններում սկսել էին այսպես կոչված «հակահաբեկչական գործողություններ», որոնց նպատակն իրականում տեղի բնակչության ռուսամետ մասի շարունակական ցույցերի ցրումն էր։

2014-ի մայիսի 2-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները վաղ առավոտյան փորձել են գրոհել արևելյան Սլավյանսկ քաղաքը, որտեղ արդեն ավելի քան 1 շաբաթ բարիկադավորվել էր ռուսամետ կողմնորոշում ունեցող բնակչությունը՝ կազմավորելով այսպես կոչված ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր։ Սլավյանսկի գրոհն ուկրաինական կողմի համար ավարտվեց կատարյալ ձախողմամբ։ Կորուստների թվում նշվում էր ինքնապաշտպանական ուժերի կողմից խոցված 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռի մասին։

Նշենք նաև՝ Ուկրաինայի ողջ տարածքում մայիսի 4-ին գրանցվել է զրահատեխնիկայի և զինծառայողների շարժ՝ երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներից դեպի արևելք։ Զորքերի տեղաշարժի մասին հայտնում են ուկրաինաբնակ ռադիոսիրողները, ովքեր ռադիոկայաններով հաղորդում են նկատած ցանկացած շարժի մասին։

Տեղեկացնենք նաև, որ մայիսի 3-ից 5-ը Օդեսայում հայտարարված է սգո օրեր՝ ի հիշատակ բախումների ժամանակ զոհվածների։

Այնուհանդերձ, հարկ է շեշտել, որ Ուկրաինայի տարածքում բախումների և զինուժի գործողությունների վերաբերյալ լուրերը հաճախ հակասական են, աղբյուրներն էլ՝ անվստահելի, երբեմն էլ՝ ուկրաինական և ռուսաստանյան լրատվամիջողների՝ սույն թեմայով հրապարակումները հակասում են միմյանց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *