Շվեդիան բացում է իր օդային տարածքը ՆԱՏՕ-ի հեռավոր հայտնաբերման ինքնաթիռների համար

Շվեդիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ 2014-ի մայիսի 8-ից 31-ը երկրի օդային տարածքը բաց կլինի ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի Boeing E-3 հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման ինքնաթիռների (AWACS) համար: Նման որոշումը կապված է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Հեռավոր հայտնաբերման Boeing E-3 ինքնաթիռ. ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ՌՕՈւ

Հեռավոր հայտնաբերման Boeing E-3 ինքնաթիռ. ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի ՌՕՈւ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերում առկա E-3 ինքնաթիռները Արևելյան Եվրոպայի օդային սահմաններում պարեկություն են իրականացնում դեռևս 2014-ի մարտի կեսերից։ Նախապես սահմանված էր, որ Շվեդիայի օդային տարածքը պարեկության համար չի օգտագործվելու, սակայն այժմ արդեն հայտնի է, որ AWACS ինքնաթիռների համար այն այդուհանդերձ կլինի հասանելի։

Նշենք, որ 2014-ի մայիսի 1-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրների օդային տարածքում պարեկություն իրականացնող ստորաբաժանումը՝ բաղկացած 10 միավոր F-15C կործանիչներից, հերթապահությունը հանձնել է Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ՌՕՈւ-ին, որոնք առաջադրանքը կկատարեն կիրառելով համապատասխանաբար 4-ական միավոր ՄիԳ-29, Typhoon և F-16 կործանիչներով։

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի կործանիչներ

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի կործանիչներ

Հավելենք նաև, որ ուկրաինական ճգնաժամից ի վեր նկատվում են ՆԱՏՕ-ական ուժերի որոշակի կուտակումեր Ուկրաինային և Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրներում։ Անդրադառնալով տարբեր երկրների ՌՕՈւ ռազմական ինքնաթիռների ժամանմանն այդ տարածաշրջան՝ նշենք, որ 2014-ի ապրիլի 28-ին Կանադայի ռազմաօդային ուժերի 4 միավոր Rafale և 6 միավոր F-18 Hornet կործանիչներ տեղակայվեցին Լեհաստանում ու Ռումինիայում։ Ներկայումս այդ երկրներում տեղակայված են նաև ԱՄՆ ՌՕՈւ 18 միավոր F-16 և Չեխիայի ՌՕՈւ 4 միավոր Jas-39 Gripen կործանիչ։

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ական օդուժի ավելացումը Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներում կկրի շարունակական բնույթ, քանի դեռ չի հանգուցալուծվել պայթյունավտանգ իրավիճակն Ուկրաինայի շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *