Հյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն նշել է, որ իրենք պետք է սկսեն Ռուսաստանին դիտել որպես հակառակորդ, քանի որ պաշտոնական Մոսկվան նույն կերպ է վարվում Դաշինքի հետ։
«Ակնհայտ է, որ ռուսաստանցիները ՆԱՏՕ-ին հռչակել են հակառակորդ, այնպես որ մենք պետք է սկսենք Ռուսաստանին չդիտել որպես գործընկել, այլ ավելի շուտ որպես հառակորդ և ոչ գործընկեր»,-Վերշբոուի խոսքերն է մեջբերել AP լրատվական գործակալությանը։ Նա հավելել է, թե ՆԱՏՕ-ն շուրջ 2 տասնամյակ փորձել է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ստեղծել, սակայն ներկայում Մոսկվան վերածվել է հակառակորդի։
Վերջինս նշել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա զգալի ազդեցություն է թողել Ղրիմի միացումը Ռուսաստանին, որը նա բնութագրել է «բռնազավթում», ինչպես նաև Ուկրաինայի արևելքում «անկարգությունների ակնհայտ սանձազերծումը»։
Նշենք, որ Ուկրաինայի դեպքերի համատեքստում ՆԱՏՕ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական շփումները, ինչպես նաև սկսել է ավելացնել իր ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում։
Հավելենք, որ Վերշբոուն նախկինում եղել է Ռուսաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը։