Ռուսական «Զենքի Համաշխարհային Առևտրի Վերլուծության Կենտրոնը» հրապարակել է տվյալներ 2003-2010թթ. մերձավորարևելյան շուկա զենք արտահանող երկրների ցուցակը։ Այդ շուկայում, որում ներառված են 16 երկրներ (Բահրեյն, Եգիպտոս, Իսրաել, Հորդանան, Իրաք, Իրան, Յեմեն, Քատար, Քուվեյթ, Լիբանան, ԱՄԷ, Օման, Պաղեստինյան ինքնավարություն, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Թուրքիա), առյուծի բաժինը ԱՄՆ-ինն է, ով նախորդ 8 տարիներին վաճառել է շուրջ 41.877մլրդ դոլարի զենք (ընդ որում վաճառքի ծավալները տարեցտարի աճել են)։ Դա կազմում է ընդհանուր վաճառված գումարի (75.652 մլրդ. դոլար) շուրջ 55.35%-ը։
Մերձավոր Արևելքը վերջին 8 տարիներին զինող երկրների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիան 8.577 մլրդ. դոլարով (11.35%), իսկ երրորդ տեղը` Ռուսաստանը 6.2 մլրդ դոլարով (8.2%), բայց ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիան և Ռուսաստանը չեն արձանագրել ստաբիլ աճ և առանձին տարիների կտրվածքով նրանց հաջողությունները խիստ տատանվել են։ Օրինակ` 2006-ին Ֆրանսիան վաճառել է 311, 2007-ին` 84, իսկ 2008-ին` 386 մլն. դոլար։
Հետաքրքրական է նաև, որ համաձայն կենտրոնի կանխատեսումների առաջիկա 4 տարվա ընթացքում և Ֆրանսիան և Ռուսաստանը կզիջեն իրենց դիրքերը։ Այսպես, ԱՄՆ-ը էլ ավելի կուժեղացնի իր դիրքերը Մերձավոր Արևելքում` 62.145 մլրդ. դոլարով զբաղեցնելով շուկայի 72.4%-ը։ Մեծ Բրիտանիան կվաճառի 7.955 (9.27%), Ֆրանսիան` 5.035 (5.88%)։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա իրենից առաջ կթողնի ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլև Գերմանիային և Իտալիային ու 2.047մլրդ դոլարով կզբաղեցնի 6-րդ տեղը։