Ռուս-չինական համատեղ զորավարժությունը կմեկնարկի մայիսի վերջից

Ամենամյա համատեղ «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությունն այս տարի կմեկնարկի մայիսի վերջից։ Այն անցկացվելու է Արևելաչինական ծովում։ Լուրը ռուսական կողմի ավելի շուտ արված հայտարարությունից հետո հաստատել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է չինական Սինհուա լրատվական գործակալությունը։

Ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2013» զորավարժությունից Նկարը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության

Ռուս-չինական համատեղ «Ծովային փոխգործակցություն-2013» զորավարժությունից
Նկարը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության

Հավելենք, որ դեռևս 2014 թվականի փետրվարի վերջին ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ Պեկինում արդեն ավարտվել է զորավարժություն իրականացնելու վերաբերյալ առաջին նիստը։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի ներկայացուցիչները որոշել են, որ առաջիկա զորավարժությունն անցնելու է Արևելաչինական ջրային տարածքներում։

Դեռևս 2013 թվականի ամռանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բիշկեքում ՉԺՀ իր պաշտոնակից Չան Վանցյուանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել էր 2014-ին 2 համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հարցը։

Շոյգուն շեշտել է, որ ռուսական կողմի համար կարևոր էր չինական պատվիրակության այցը ռուսական հրամանատարական կայաններ՝ փորձի ու տեղեկությունների փոխանակման տեսանկյունից։
Նախորդ տարի իրականացրած նմանատիպ զորավարժությանը մասնակցել են Չինաստանի ռազմածովային ուժերի 7 և Ռուսաստանի 12 ռազմական նավ։

Նշենք, որ զորավարժության անցկացման վայրը բավական քննարկվող է դեռևս նախորդ տարվանից, երբ Չինաստանը հայտարարեց, որ Արևելաչինական ծովում ստեղծում է հակաօդային պաշտպանություն։ Հետաքրքրականն այն է, որ հենց այդ ծովում են Սենկակու կղզիները, որոնք Պեկինի և Տոկիոյի համար տարածքային վեճի պատճառ են։

Իսկ երբ ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել էր Ճապոնիա, նշել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանությունը Ճապոնիայի անվտանգության գործում ծավալվում է նաև վեճի առիթ հանդիսացող կղզիների վրա։

Հայտնի է, որ Պեկինին ԱՄՆ նախագահի հայտարարությունը դուր չի եկել, ինչպես նաև Ֆիլիպինների հետ կնքվելիք անվտանգության ապահովման պայմանագիրը, քանի որ Ֆիլիպինների հետ նույնպես Չինաստանը տարածքային խնդիրներ ունի Հարավչինական ծովում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *