Ռումինիայի կառավարության ղեկավարը 2014-ի ապրիլի 28-ին հայտնել է երկրի ռազմական բյուջեն 215 միլիոն դոլարով ավելացնելու մասին։ Նա նշել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հարևան Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Վարչապետ Վիկտոր Պոնտը հավելել է, որ ռազմական ծախսերի մեծացման գործընթացը լինելու է շարունակական ու այդ միջոցները մեծապես ուղղվելու են զինված ուժերի սպառազինության արդիականացմանը, ինչին արդեն իրենց համաձայնությունն են տվել Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը։ Նշենք նաև, որ 2013-ի նոյեմբերին, երբ հաստատվում էր Ռումինիայի՝ 2014-ի ռազմական բյուջեն, այն սահմանվեց շուրջ 2 միլիարդ ամերիկյան դոլար։
2004-ից ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ռումինիան առաջիններից էր, որ անհանգստություն հայտնեց Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ ու դիմեց Հյուսիսատլանտյան Դաշինքին՝ երկրի տարածքում ռազմական ներկայության մեծացման խնդրանքով։
Գրեթե նույն ժամանակ՝ ապրիլի 28-ին, հայտնի դարձավ, որ Ռումինիան սպառազինություն է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին։ Համացանցում տարածվեցին տարբեր տեսանյութեր, որոնցում պատկերված զինվորական շարասյունը տեղափոխում էր հրետանային միջոցներ, զրահատեխնիկա ու այլ սպառազինություն։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունում զորքերի այդ տեղաշարժը բացատրեցին առաջիկայում սպասվող զորավարժությունով։