Ապրիլի 28-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում առաջնագծի հատվածում։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի՝ վարժանքների գործնական մասը մեկնարկել է այսօր՝ մայիսի 1-ին։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 4 հազար զինծառայող, 60 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 120 միավոր հրթիռահրետանային համակարգեր, ավիացիոն և ՀՕՊ համակարգեր։
Վարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, ըստ աղբյուրի, կրակ են արձակելու հրթիռային և հրետանային համակարգերից, ականանետերից և հրազենից։
Նկատենք, որ ներկայացված լուսանկարներից մեկում Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M անօդաչու թռչող սարքի արձակման տեսարանն է։
Հավելենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հստակեցնում՝ առաջնագծի որ հատվածում է ընթանում զորավարժությունը և թե մինչև երբ է այն տևելու։