2014-ի մայիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում Էկվադորի խոշոր քաղաքներից մեկում՝ Գուայաքիլում, կայանալու է Զինվորական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դրան մասնակցելու են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Զինվորական սպորտի միջազգային խորհուրդը (International Military Sports Council (IMSC)) աշխարհում խոշորագույն միջազգային սպորտային միավորումներից է։ Այն ստեղծվել է 1948-ի փետրվարին, առաջին անդամներն են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները։ Ներկայումս այն ունի 133 անդամ երկիր։
Հավելենք նաև, որ դեռևս 2013-ի հունիսի 30-ից հուլիսի 16-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Դալգա Արենայում անցկացվել են զինծառայողների ֆուտբոլի համաշխարհային գավաթի խաղեր։ Դրան մասնակցել են Ադրբեջանի, Իրաքի, Մալիի, Կանադայի, Ալժիրի, Ֆրանսիայի, Բահրեյնի, Քենիայի, Օմանի, Գերմանիայի, Կոտ դ’Իվուարի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Քաթարի ու Կամերունի հավաքականները։ Հաղթող է ճանաչվել Իրաքի թիմը, իսկ Ադրբեջանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Ակնկալվում էր, որ առաջնությանն ավելի մեծ թվով երկրներ կմասնակցեն։