Եմենի հարավային հատվածում երկրի զինված ուժերի զինծառայողների և զինյալների բախման հետևանքով ապրիլի 29-ին սպանվել է նվազագույնը 15 զինծառայող, 12 զինյալ։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը, հղում տալով Եմենի լրատվամիջոցների տվյալներին, բախումները հիմնականում գրանցվել են Շաբվա նահանգում, որտեղ էլ «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման Եմենի ճյուղի զինյալները հարձակվել են զինծառայողների շարասյան վրա։
Նկատենք, որ Եմենի զինուժը մեծ քանակությամբ զինծառայողներ էր ուղարկել այս նահանգ՝ ահաբեկիչների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով։ Հարձակման հետևանքով ահաբեկիչներին հաջողվել է նաև պատանդ վերցնել մի քանի զինծառայողի։ Եմենական մամուլի փոխանցմամբ՝ զինյալները ևս կորուստներ ունեն, բացի շարքային զինյալներից, սպանվել է զինյալների խմբավորումների առնվազն 5 առաջնորդ։
Հիշեցնենք, որ զինյալների դեմ լայնամասշտաբ գործողութուններն ընթանում են հարավային Շաբվա և Աբյեն նահանգներում ապրիլի 29-ից ի վեր։ Դրանց մասնակցում են նաև կամավորական ջոկատները, որոնք սատարում են զինուժին ահաբեկիչների դեմ պայքարում։
Բացի այդ, Եմենի կառավարության հրամանով՝ օդուժը, մասնավորապես ՝ անօդաչու թռչող սարքերն ապրիլի 19-20-ն ընկած ժամանակահատվածում հարվածներ են հասցրել Մահֆադ քաղաքում պատսպարված զինյալների դիրքերին։ Հարվածների արդյունքում սպանվել է 60 զինյալ։
Հավելենք նաև, որ 2014-ի մարտի վերջին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ-ն Եմենին հատկացնելու է թեթև ինքնաթիռներ՝ «ալ Կաիդայի» դեմ պայքարում կիրառելու համար։
2013-ի դեկտեմբերի 15-ին Եմենի խորհրդարանը որոշում էր ընդունել, որը ենթադրում է պետության տարածքում ցանկացած տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառման խստիվ արգելում:
Նշենք, որ ԱՄՆ ԿՀՎ-ն է հիմնականում ղեկավարում ԱԹՍ-ների օգտագործմամբ բոլոր գործողությունները Եմենի տարածքում:
Օրենքն ընդունել են դեկտեմբերի 12-ին գրանցված աղմկահարույց միջադեպից հետո: ԱմերիկյանԱԹՍ-ի հարձակման զոհ էին դարձել հիմնականում խաղաղ բնակիչները, քանի որ ԱԹՍ-ն հարձակում էր գործել հարսանեկան շքերթի ուղղությամբ։ ԱԹՍ-ի օդային հարվածների պատճառով պայթել էր հարսանեկան ավտոմեքենան, որի մեջ նվազագույնը 10 հոգի էր։
Համաձայն Եմենի անվտանգության ուժերի ներկայացուցչի՝ սպանվածների շարքում էին նաև «ալ Կաիդայի» անդամներ, որոնց դեմ էլ ուղղված էր հարձակումը։