Ադրբեջանի ԶՈւ Շամխորի բանակային կորպուսը շտաբի նոր պետ ունի

2013-ի հոկտեմբերի 22-ին Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր Ադրբեջանի ԶՈւ և ՊՆ համակարգերում կադրային փոփոխություններ են իրականացվում։ Ապրիլի 30-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ է նշանակվել գնդապետ Գյերայ Բաղըրովը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Բաղըրովը երկար ժամանակ աշխատել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանում, իսկ ավելի վաղ ստանձնել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի իրավասությունները գեներալ-մայոր Ֆիքրեթ Մամեդովից հետո։

Ըստ աղբյուրի՝ Բաղըրովը այն զինվորականների շարքում է, որ հակասություններ ուներ նախկին նախարար Սաֆար Աբիևի հետ վերջինիս պաշտոնավարման ժամանակ։

Հայտնի է նաև, որ Բաղըրովին գնդապետի կոչում է շնորհվել 2003-ի հունիսին։

Հավելենք, որ 3-րդ բանակային կորպուսի շտաբի արդեն նախկին պետ, գնդապետ Հագանի Ջաբրայիլովը նշանակվել է Բեյլագանի 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնում։

Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այն աչքի է ընկնում զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2011-ի փետրվարին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։

Ներկայումս կորպուսի հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովը, որը լուրջ հակասություններ ուներ նախկին նախարար Սաֆար Աբիևի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *