Ապրիլի 29-ին Լիբիայի տարածքում գործող զինյալների խմբավորումներից մեկին հաջողվել է գրավել մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայված խորհրդարանի շենքը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով արաբական լրատվամիջոցների տվյալներին, պատգամավորները փախուստի են դիմել շենքից ու դրան հարող տարածքից, հարձակման հետևանքով կան վիրավորներ, զոհերի առկայության վերաբերյալ այս պահի դրությամբ տեղեկություններ չկան։
Հաղորդվում է նաև, որ զինյալները վարչապետի հավանական թեկնածուներից մեկի համախոհներն են, որի թեկնածությունն այդպես էլ չի հաստատվել։
Սույն միջադեպի հետևանքով խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են մյուս շաբաթ։ Դեռևս ապրիլի 24-ից Լիբիայում մեկնարկել էր ընտրողների գրանցման գործընթացը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին վարչապետի պաշտոնակատար, ինչպես նաև պաշտպանության նախարար Աբդալ Աբդուրահման աթ-Թանին հրաժարվել է գլխավորել նոր ձևավորվելիք կառավարությունը և հրաժարական տվել՝ վկայելով՝ իրեն հետապնդում են և իր հասցեին բազմիցս սպառնալիքներ է ստացել, ուստի չի ցանկանում պատճառ դառնալ «տարբեր ուժերի բախումների» և զրկվել կյանքից։
Նկատենք, որ նա 2 շաբաթ ժամկետով վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել մարտի 11-ին, իսկ մարտի 25-ին պատգամավորները երկարացրել էին ժամկետը ևս 14 օրով։ Ապրիլի 8-ին աթ-Թանիին հանձնարարվել էր մեկ շաբաթում նոր կառավարություն ձևավորել, ինչը չհաջողվեց իրագործել։
Նախկին վարչապետ Ալի Զեյդանին ժամանակավոր խորհրդարանն անվստահության քվե էր ներկայացրել։ Պատճառն այն էր, որ Զեյդանն ունակ չէր լուծելու երկրի արևելյան շրջաններից զինյալների դուրսբերման և նրանց գրավված նավթահանքերը վերադարձնելու խնդիրները։ Նրան արգելված է երկրից դուրս գալ, քանի որ բացի նշված հանգամանքներից, նա մեղադրվում է մեծ չափերի կաշառակերություն իրականացնելու հոդվածներով։