Պակիստանը ստացել է Հորդանանից գնված F-16 կործանիչների առաջին խմբաքանակը

Պակիստանի ռազմաօդային ուժերն օրերս ստացել է Հորդանանից պատվիրած F-16 կործանիչների առաջին խմբաքանակը։ Դրանք լավ տեխնիկական վիճակում են։ 

F-16 կործանիչներ. Պակիստանի ՌՕՈւ

F-16 կործանիչներ

Ինչպես հաղորդում է DawnNews լրատվակայքը, Պակիստանի զինվորականները գոհ են առաջին խմբաքանակի ինքնաթիռների տեխնիկական վիճակից։
Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարին հայտնի էր դարձել՝ Պակիստանը պայմանագիր է կնքել Հորդանանի հետ՝ 13 միավոր F-16 կործանիչներ ձեռք բերելու համար։ Դրանք ստանալու դեպքում Պակիստանի ՌՕՈւ ունեցած F-16-երի թիվը կհասնի 76-ի։

Գործարքին իր հավանությունն էր տվել նաև ԱՄՆ-ն, քանի որ ժամանակին հենց այս երկիրն է Հորդանանի Թագավորությանը վաճառել այդ կործանիչները, և առանց իր համաձայնության Հորդանանը իրավունք չուներ վաճառել կամ փոխանցել դրանք երրորդ երկրի։

Պակիստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կործանիչները բավական լավ վիճակում են, դրանք դեռևս չեն հասել իրենց շահագործման ժամկետի կեսին և վստահորեն կարելի է ասել, որ կործանիչները կծառայեն դեռևս 20 տարի կամ կկատարեն 3 000 ժամ թռիչք։

Նշենք, որ Հորդանանի Թագավորության ռազմաօդային ուժերի կազմում F-16 կործանիչներն անցել են արդիականացում, ինչի արդյունքում ինքնաթիռների համար նախատեսված գործարանային 4 000 թռիչքաժամի պաշարը դարձել է 8 000։ Փոխվել են նաև կործանիչների շարժիչների որոշ պահեստամասեր։
Ամերիկյան արտադրության հանրահայտ F-16 կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1974-ին։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչների ավելի քան 4 500 միավոր, այն շահագործվում է աշխարհի 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Անձնակազմը բաղկացած է մեկ հոգուց, ինքնաթիռի առավելագույն արագությունը 2 120 կմ/ժ է։ Այն սպառազինությունում ունի օդ-օդ և օդ-մակերևույթ դասի հրթիռներ, հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։

One response to “Պակիստանը ստացել է Հորդանանից գնված F-16 կործանիչների առաջին խմբաքանակը

  1. Pingback: Արարատի մարզում վթարի ենթարկված սպաների առողջական վիճակը կայուն է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *