Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ապրիլի 29-ին անցկացվել է «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցել են համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը:
Իրենց զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար:
ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության երիտասարդների մասին: Հոգեբանի կարծիքով` զգալի չափով ավելացել է համացանցից կախվածությունը, ինչը երբեմն երիտասարդների մոտ առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ, իրական կյանքի փոխարեն վիրտուալ տարածության նախընտրություն:
Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` մանկավարժական գիտությունների թեկնածու Արեգնազան Սարգսյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դպրոցական դասագրքերի բովանդակության վրա: Բանախոսի կարծիքով` դասագրքերը պետք է առավել հագեցած լինեն պատմական իրադարձությունների և ազգային գործիչների մասին հիշատակումներով:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակող Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը իր զեկույցում նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ապավինել միայն ազգային արժեքներին և հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:
Խոսելով բարոյական անհատի ձևավորման նախադրյալների մասին՝ Տեր Վահան քահանա Ազարյանը առաջնահերթ համարեց մարդու կողմից քրիստոնեական արժեքների կրումը։ Նրա խոսքերով՝ միայն աստվածավախ լինելու դեպքում մարդը կարող է հետ կանգնել բացասական քայլից:
ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց զինծառայողների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: