Իտալական «Ալենիա Աերմակի» (Alenia Aermacchi) ընկերության MC-27J ինքնաթիռն ամբողջական սպառազինված վիճակում իր առաջին թռիչքն է կատարել։ C-27J Spartan բեռնատար ինքնաթիռի հիման վրա ստեղծված կրակային խնդիրներ լուծող MC-27J ինքնաթիռը նոր տեսքով իր առաջին թռիչքը կատարել է իտալական Թուրին քաղաքում։
«Ալենիա Աերմակի» ընկերությունը MC-27J ինքնաթիռը, որը ստացել է Pretorian անվանումը, ցուցադրել էր 2013-ի Փարիզի ավիացուցահանդեսին. այն ժամանակ ինքնաթիռի վերափոխման աշխատանքները դեռ չէին ավարտվել։
Բազային C-27J ինքնաթիռի կատարելագործված և փոփոխված տարբերակին՝ MC-27J–ին ամրացվել է GAU-23 30 մմ թնդանոթ, որն ունի երկարացված փող, ինչը հնարավորություն է տալիս այդ թնդանոթը տեղադրել նաև ավելի վաղ արտադրված C-27J ինքնաթիռների վրա։ Թնդանոթն ունակ է խոցել թիրախներ մինչև 4,5 կմ հեռավորության վրա։ MC-27J–ն հնարավորություն ունի արձակել Viper Strike և Griffin հրթիռներ։
Ինքնաթիռի վրա տեղադրվել են կապի և հետախուզության նորագույն համակարգեր
«Ալենիա Աերմակի» ընկերության ներկայացուցիչները նշում են, որ առաջիկա 20-25 տարիներին նախատեսում են վաճառել 50 միավոր MC-27J, իսկ որպես հնարավոր շուկաներ են դիտարկում Հարավային Ամերիկան, Մերձավոր Արևելքն ու Հեռավոր Արևելքը։