Շվեյցարիան բացահայտել է F/A-18 Hornet կործանիչների դուրսգրման ժամանակացույցը. փոխարինողներ դեռևս չկան

Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ռազմաօդային ուժերում շահագործվող F/A-18 Hornet կործանիչների՝ շահագործումից դուրսգրման պլանն ու ժամանակացույցը։ Գործընթացը մեծապես կախված է նրանից՝ արդյո՞ք կառավարությունը կընդունի շվեդական JAS 39 Gripen կործանիչների գնման որոշում, թե ոչ։ Համապատասխան հաղորդագրություն է տարածել Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչությունը։

F/A-18 կործանիչներ. Շվեյցարիայի ՌՕՈւ

F/A-18 կործանիչներ. Շվեյցարիայի ՌՕՈւ

Շվեյցարիայում տևական ժամանակ է, ինչ չեն կողմնորոշվում շարունակել F/A-18 Hornet կործանիչների շահագործումը, թե ոչ։ Բանն այն է, որ կործանիչների թռիչքի տևողության գործարանային պաշարը սահմանված է 5 000 ժամ։ Ներկայումս շվեյցարական օդուժի Hornet-ներն արդեն իսկ իրականացրել են շուրջ 2 500 ժամի թռիչք՝ սպառելով իրենց շահագործման ռեսուրսի կեսը։ Պլանային թռիչքների առկա հաճախականության պահպանման դեպքում F/A-18-ներն իրենց ողջ ռեսուրսը կսպառեն 2027-ին։

Խնդիրն ավելի սուր բնույթ է ընդունում, քանի որ արդեն իսկ կա Շվեյցարիայի կառավարության որոշումը՝ դուրսգրել ռազմաօդային ուժերի ավիապարկի F-5 կործանիչները 2016-ին, ինչը նշանակում է, որ առաջադրանքները, որոնք նախկինում կատարում էին այս ինքնաթիռները, կսկսեն իրականացնել F/A-18 կործանիչները, ինչն ավելի արագ կսպառի վերջիններիս թռիչքային ռեսուրսը։

Հարկ է նշել, որ դեռևս 2012-ին շվեյցարական կողմը 22 միավոր JAS 39 Gripen կործանիչների գնման բանակցություններ սկսեց շվեդական Saab ընկերության հետ, սակայն ավելի ուշ դրանք դադարեցն, քանի որ մի շարք պաշտոնյաներ պնդեցին, թե Gripen-ների գնումը ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում է։ Գործը հասավ նրան, որ այս հարցի շուրջ նշանակվեց համազգային հանրաքվե, որն էլ կկայանա 2014-ի մայիսի 18-ին։

Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունում նշում են, որ այսպես, թե այնպես F/A-18 կործանիչները կկարողանան ռազմաօդային ուժերի շարքերում մնալ ոչ ավել, քան 2030 թվականը։ Կգա՞ն արդյոք դրանց փոխարինելու և աջակցելու շվեդական Gripen-ները, թե դրանք կլինեն այլ կործանիչներ՝ կորոշվի մայիսի 18-ի հանրաքվեին։

Իսկ մինչ այդ պետք է արձանագրել հետևյալը. շվեյցարական օդուժի ավիապարկը բաղկացած է 32 միավոր F/A-18 Hornet-ներից ու 53 միավոր F-5 կործանիչներից։ Ինչպես նշվեց, վերջինս նախատեսվում է հանել շահագործումից 2016-ին ու փաստորեն դեռևս չկա որոշում, թե ինչով են փոխարինվելու այդ 53 ինքնաթիռները։ Ստեղծված իրավիճակը, թերևս, հետևանք է ժողովրդավարության գերդրսևորման, երբ ռազմական ու ռազմավարական նշանակության որոշումները փորձում են կայացնել հանրաքվեի միջոցով։

2 responses to “Շվեյցարիան բացահայտել է F/A-18 Hornet կործանիչների դուրսգրման ժամանակացույցը. փոխարինողներ դեռևս չկան

  1. Pingback: Սիրիան ընդունել է թուրքական կործանիչըի ոչնչացում | Ռազմ.info

  2. Pingback: Հանրաքվե, որը հարվածեց Շվեյցարական զինուժի մարտունակությանը. բնակչությունը դեմ է Gripen կործանիչների գնմանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *