2014-ի թվականի սկզբից Ռուսաստանը Աֆղանստանին է տրամադրել 12 միավոր ՄԻ-17Վ-5 բեռնատար ուղղաթիռներ, ինչը նախատեսված էր 2013-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կնքած պայմանագրով, որով երկու կողմերը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի համար աֆղանական կառավարությանը պիտի հանձնեին 30 միավոր ուղղաթիռ:
Ուղղաթիռների հաջորդ խմբաքանակն արդեն արտադրության փուլում է, ու դրանցից երեքը Ռուսաստանը Աֆղանստան կուղարկի 2014-ի մայիսին, իսկ մնացած 18 միավոր ուղղաթիռները ռուսաստանյան կողմը կտրամադրի մինչև 2014-ի ավարտը:
Նշենք, որ Աֆղանստանին բեռնատար ուղղաթիռներ տրամադրելու առաջին պայմանագիրը ԱՄՆ կառավարության ու ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության միջև կնքվել է 2011-ի մայիսին: Պայմանագրով նախատեսված 21 ուղղաթիռների տրամադրումը Ռուսաստանը ավարտել է 2012-ի կեսերին:
2012-ին երկու երկրները կնքել են ևս մեկ պայմանագիր, որով Ռուսաստանը 2013-ի ընթացքում Աֆղանստանին է տրամադրել ևս 12 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ:
2013-ին ԱՄՆ կառավարությունն ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտը» կնքել են երրորդ պայմանագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել է 30 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ աֆղանական կառավարությանը հանձնել 2014-ի ընթացքում:
Ընդհանուր առմամբ երկու երկրների պայմանավորվածության արդյունքում Աֆղանստանն արդեն ստացել է 48 միավոր ուղղաթիռներ, իսկ ևս 15-ը կստանա մինչև 2014-ի ավարտը: Ընդ որում՝ ԱՄՆ կառավարությունը որոշել է գնել հենց Մի-17Վ-5 ուղղաթիռներ, քանի որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա, նշվում էր նաև, որ այս ուղղաթիռները առավելագույնն են հարմարեցված Աֆղանստանի լեռնային ռելիեֆին: Բացի ուղղաթիռների տրամադրումը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են նաև կատարել դրանց ընթացիկ սպասարկումը, որի համար ստեղծել են նպատակային հիմնադրամ:
Սիրիական ու ուկրաինական ճգնաժամները երբեմն սրումներ էին առաջացնում այս պայմանագրերի իրականացման համատեքստում: ԱՄՆ-ն հրաժարվում էր համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն Պենտագոնը կառավարությանը ստիպում էր վերանայել որոշումները, քանի որ Մի-17Վ5 ուղղաթիռները լավագույն տարբերակն էին Աֆղանստանին տրամադրելու համար, իսկ դրանք միջազգային շուկայում մատակարարելու հնարավորություն ուներ միայն Ռուսաստանը:
Ավելացնենք, որ Մի-17Վ-5 (Մի-8ՄՏՎ-5)-ը բազմաթիրախային ուղղաթիռ է։ Այն խորհրդային Մի-8 ուղղաթիռի արտահանվող տարբերակն է։ Կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործողությունների դեպքում։ Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։
Ուղղաթիռի զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։
Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։
Pingback: Ռուսաստանը կարող է Աֆղանստանին տրամադրել ևս 9 ուղղաթիռ՝ չնայած պատժամիջոցներին | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ն սառեցրել է ՌԴ-ի հետ Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելու ծրագիրը | Ռազմ.info