ԱՄՆ-ն շուրջ 17.6 միլիարդ դոլար կհատկացնի 10 նոր սուզանավի գնման համար

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը ռեկորդային գնի սուզանավեր է պատվիրել General Dynamics Electric Boat ընկերությանը։ Վերջինս պետք է առաջիկա 5 տարիներին շահագործման հանձնի Վիրջինիա դասի թվով 10 ատոմային սուզանավ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 17.6 միլիարդ ամերիկյան դոլար է։ Այս մասին հայտնում է Militarytimes ռազմական լրատվակայքը։

Virginia դասի North Dakota սուզանավը

Virginia դասի North Dakota սուզանավը

Նշվում է, որ պատմության մեջ սա խոշորագույն պատվերն է, որը ԱՄՆ ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) վստահել է մեկ ընկերությանը։ Հայտնի է նաև ժամանակացույցը, որով պետք է կատարվի կառուցված սուզանավերի հանձնումը փորձարկման (ոչ շահագործման)։ General Dynamics Electric Boat-ը պետք է տարեկան հանձնի երկու սուզանավ՝ պատվերի ընդհանուր կատարումն ավարտելով 2019-ին։

Սուզանավերի կառուցումը կսկսվի 2014-ի մայիսի 1-ին։ Դրանցից վերջինը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ին։ Ստույգ անուններ սուզանավերի համար դեռևս որոշված չեն, հայտնի են միայն դրանց կողային համարները, որոնք կլինեն SSN 792-ից SSN 801-ը։

ԱՄՆ ՌԾՈւ բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչ, կոնտրծովակալ Դեյվ Ջոնսը հայտնել է, որ նավատորմում Վիրջինիա (անգլ.՝ Virginia) դասի ատմոային սուզանավերի ընդհանուր քանակը նախատեսվում է հասցնել 30-ի։ ՌԾՈւ կազմում դրանք կկրեն իրենց ծառայությունը մինչև 2060 թվականը։ Նա հավելել է, որ ներկայումս ընթանում է այս դասի ևս 4 սուզանավի կառուցում։

Հիշեցնենք, որ կոնտրծովակալի նշած 4 սուզանավերից մեկը North Dakota-ն է, որի կառուցումը ևս իրականացնում է General Dynamics Electric Boat ընկերությունը։ Սուզանավը նախատեսվում էր շահագործման հանձնել 2014-ի մայիսին, սակայն ընդունող հանձնաժողովը մի շարք թերություններ հայտնաբերեց սուզանավի համակարգերի աշխատանքում, ինչի պատճառով հետաձգվեց շահագործման հանձնելու ժամկետը։

Վիրջինիա դասի սուզանավերը ԱՄՆ ռազմածովային ուժերի նորագույն նավերից են։ Դրանք ունեն 7 800 տոննա ջրատարողություն, կարող են սուզվել 240 մետր խորության վրա և նավարկել մինչև 50 կմ/ժ արագությամբ։ Սպառազինությունում այս դասի սուզանավերն ունեն ինչպես տորպեդներ, այնպես էլ Tomahawk թևավոր հրթիռներ։ Նշվում է նաև սուզանավում առկա սարքավորումների մասին՝ նախատեսված ջրասուզակների տեղաշարժման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *