Իրաքի զինված ուժերը Ֆալուջա քաղաքի մի մասն ազատագրել են զինյալներից

Ապրիլի 27-ին Իրաքի զինված ուժերը ոստիկանական ուժերի, ինչպես նաև չափավոր իսլամիստների կամավոր «Սահվա» ջոկատի հետ համատեղ գործողություն են իրականացրել իրաքյան Ֆալուջա քաղաքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման զինյալներից ազատագրելու համար։

Իրաք, զինյալներ

Իրաքի հատուկ նշանակության զորքերը սկսել են գրոհը հարավային և արևելյան ծայրամասերից, միաժամանակ Իրաքի ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումները ավիահարվածներ են հասցրել զինյալների դիրքերի ուղղությամբ։ Ներկա դրությամբ զինյալներից ազատագրված է քաղաքի մի մասը։

Իրաքի կառավարության որոշմամբ՝ քաղաքն ամբողջողվին ազատագրելուց հետո ոստիկանությունն ու «Սահվա» ջոկատն իրենց ուսերին կվերցնեն անվտանգության ապահովման պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ «Սահվան» ստեղծվել է 2006-ին սուննիադավան արաբական ցեղերի ներկայացուցիչների համալրմամբ Ալ-Անբար, Սալադին, Բաբել, Մոսուլ, Դիյալա և Բաղդադ քաղաքներից։ Ստեղծման հիմնական նպատակն «Ալ Կաիդայի» դեմ պայքարելն է։

Հավելենք նաև, որ Ֆալուջայի գործողությունը մի քանի ամիս է, ինչ հետաձգվում էր, քանի որ Իրաքի ԶՈւ հրամանատարությունը զգուշանում էր տեղի խաղաղ բնակիչներին վնասելուց։ Սակայն ժամանակի ընթացքում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» զինյալներն ավելի էին ամրապնդում սեփական դիրքերը՝ քաղաքը վերածելով ռազմակայանի, որտեղից էլ հարձակում էին գործում խաղաղ բնակիչների վրա։

Այդ հարձակումների պատճառով սպանվել ու վիրավորվել են տասնյակ բնակիչներ։ Ընդ որում, միայն ապրիլի 27-ին Ֆալուջայում հիշատակվում է 11 զոհ խաղաղ բնակիչների շրջանում։

Նկատենք նաև, որ ապրիլի 27-ին Իրաքի տարածքում մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականացվել։ Խոշորագույնն արձանագրվել է Բաղդադի Սադր-Սիթի շրջանում, որի հետևանքով սպանվել է 10, տուժել՝ 36 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *