Ուկրաինայի Դոնեցկի շրջանում արձանագրված պայթյունի հետևանքով տուժել են զինված ուժերի 2 պայմանագրային զինծառայող, որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ պայթյունի պատճառն ինքնաշեն պայթուցիկի գործարկումն է։
Ինչպես հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, միջադեպը գրանցվել է, երբ զինծառայողները պարեկություն անելիս են եղել։ Տուժածներին առաջին բուժօգնություն են ցույց տվել, ապա Մի-8 ուղղաթիռով տեղափոխել Խարկովի ռազմական բժշկական կլինիկական կենտրոն։ Ուղղաթիռում զինծառայողներից մեկը մահացել է, մյուս տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքին կից օդանավակայանում Ուկրաինայի ՆԳՆ և անվտանգության ծառայության աշխատակիցները տուժել էին անհայտ անձանց հետ զինված բախման հետևանքով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ անհայտ անձինք կրակ էին բացել իրավապահների ուղղությամբ։
Հավելենք, որ դեռևս ապրիլի 14-ին Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելյան՝ Դոնեցկի շրջանում հակաահաբեկչական գործողություններ էին սկսել՝ ԶՈւ զինծառայողների և զրահատեխնիկայի մասնակցությամբ։ Սույն քայլը միտված էր ավելի վաղ ծագած ցույցերը ճնշելուն։ Չնայած դրան՝ ցուցարարները Լուգանսկ քաղաքում ապրիլի 28-ին հայտարարել են «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» հռչակման մասին։ Բացի այդ, հայտնի է դարձել՝ մայիսի 11-ին կայանալիք հանրաքվեին լինելու է «Արդյոք կողմ եք Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական անկախության հռչակմանը» հարցը։