Ռուսաստանի Աստրախանի շրջանի Աշուլուք զորավարժարանում 2014-ի ապրիլի 25-ին կայացել է հակաօդային պաշտպանության մի շարք տարրերի՝ այդ թվում նաև դրանց վարժանքների ընթացքում կիրառվող թիրախ-հրթիռների փորձարկում։ Վարժանքներին հետևել է նաև Բելառուսի ԶՈւ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը, ով լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ռուս-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության ակնկալվող ընդլայնման մասին։
Բելառուսցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությունները հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Գեներալ-մայոր Գոլուբը նշել է, որ Բելառուսը վերջին շրջանում զգալի աշխատանքներ է տանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և ավիացիայի զարգացման ու հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ։ Այս համատեքստում նա նշել է որպես պայմանական հակառակորդ ծառայող թիրախ-հրթիռների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել ՀՕՊ միջոցների և ավիացիայի վարժանքները։
Գոլուբի խոսքերով՝ թիրախ-հրթիռների նախագծման ու արտադրության ոլորտում Ռուսաստանն ունի զգալի փորձ և առաջիկայում կկայանա երկու երկրների ավելի բարձր օղակների երկկողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի այդպիսի հրթիռների համատեղ նախագծման ու արտադրության հնարավորությունը։
Գեներալ-մայորն անդրադարձել է նաև զենիթահրթիռային համալիրների գնման և արդիականացման հեռանկարներին։ Այս հարցում ևս Բելառուսի ու Ռուսաստանի միջև առկա են համագործակցության խորը եզրեր։ Որպես ասվածի վկայություն Գոլուբը նշել է հակաօդային պաշտպանության Տոռ-Մ2 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մեծաքանակ գնումը, ինչի շնորհիվ Բելառուսի զինված ուժերում արդեն կազմավորվել է 2 մարտկոց։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է ստեղծել Տոռ-Մ2-ի արդեն լիարժեք զենիթահրթիռային դիվիզիոն։
Հավելենք, որ 2014-ի հունվարին Իգոր Գոլուբը հայտարարել էր, որ Առաջիկայում Բելառուսը Ռուսաստանից կստանա Ս-300 զենիթահրթիռային համակարգի 4 դիվիզիոն։ Մատակարարման ժամկետների մասին ավելի ստույգ տեղեկություն դեռևս հայտնի չէ։
Փոքր հեռահարության Տոռ-Մ2 ԶՀՀ-ն նախատեսված է ռազմական և ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքային հանգույցների պաշտպանության համար։ 4 հոգանոց անձակազմ ունեցող համալիրն օդային թիրախները կարող է խոցել մինչև 15 կմ հեռավորության և մինչև 10 կմ բարձրության վրա։