Բելառուսի ՊՆ աշխատանքային խումբը՝ հրթիռահրետանային սպառազինության գծով վարչության ղեկավար Վլադիմիր Բարանովի գլխավորությամբ, այցելել է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալություն (ANAMA):
Ինչպես հաղորդել է ANAMA-ի մամուլի ծառայությունը, գործակալության տնօրեն Նազըմ Իսմայիլովը ներկայացրել է իրականացրած ականազերծման գործողությունները, վարժանքները, ականազերծման կրթական ծրագրերը։
Ըստ աղբյուրի՝ Բելառուսի պատվիրակության այցի հիմնական նպատակն էր ANAMA-ի և Ադրբեջանի կառավարության համագործակցության, ANAMA-ի բյուջեին կառավարության հատկացված գումարների ու ANAMA-ի հովանավորների տրամադրած գումարների հավասարակշռության պահպանման փորձի ուսումնասիրութունը, դրա կիրառումը Բելառուսի համապատասխան կառույցներում։
ANAMA-ն հիմնադրվել է 1998-ի հուլիսի 18-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ Պատերազմից տուժած տարածքների վերակառուցման և վերականգնման պետական հանձնաժողովին առընթեր:
Ըստ 1999-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի միջև կնքված համաձայնագրի՝ գործակալությունն Ադրբեջանի ականազերծման նախագծի կատարողական կազմակերպությունն է, որը գործում է Ադրբեջանի ազգային ռազմավարական ծրագրի սկզբունքներով:
ANAMA-ին ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանի կառավարությունը, ՄԱԶԾ-ն, Մեծ Բրիտանիան։ ANAMA-ի կայքում՝ հովանավորների շարքում, հիշատակվում են նաև ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան, Սլովենիան և այլ երկրներ։