Աֆղանստանում վթարի է ենթարկվել Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը

Աֆղանստանի Կանդահար նահանգում 2014-ի ապրիլի 26-ին վթարի է ենթարկվել Մեծ Բրիտանիայի ռազմաoդային ուժերի Lynx AH.9A ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել են այդ պահին ուղղաթիռում գտնվող բոլոր 5 զինծառայողները։ Այս մասին հաղորդում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը։

Lynx AH.9A ուղղաթիռն Աֆղանստանում. Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ

Lynx AH.9A ուղղաթիռն Աֆղանստանում. Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ

Մեծ Բրիտանիայի (ՄԲ) համար ուղղաթիռի այս վթարը նմանատիպ առաջին խոշոր պատահարն է, որը գրանցվել է 2001-ից՝ Աֆղանստան ռազմական ներխուժումից ի վեր։

Վթարի նախնական պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ուղղաթիռի՝ հակառակորդի կողմից խոցված լինելու վարկածը չի դիտարկվում։ Պաշտպանական գերատեսչությունից հավելել են նաև, որ առայժմ որպես վթարի հավանական պատճառ դիտարկվում է եղանակը, ինչի պատճառով տեսանելիությունը եղել է սահմանափակ և ուղղաթիռը բախվել է լեռներին։

Ի տարբերություն բրիտանացիների, ուղղաթիռի նմանատիպ մի քանի խոշոր վթարի հետ արդեն առերեսվել է Աֆղանստանում ամերիկյան զորախումբը։ 2013-ի դեկտեմբերին ԱՄՆ բանակի ուղղաթիռներից մեկի վթարի հետևանքով զոհվեց 7 ամերիկացի և 7 աֆղան զինծառայող։ Իսկ 2011-ի օգոստոսին Թալիբան շարժման զինյալները խոցեցին Chinook CH-47 բեռնատար ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեց ամերիկացի 30 և աֆղանստանցի 8 զինծառայող։

Westland Lynx AH.9A բամզաֆունկցիոնալ ուղղաթիռը շահագործման է հանձնվել 1978-ին։ Այն կիրառվում է հիմնականում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի զինված ուժերում։ 3 հոգանոց անձնակազմ ունեցող (2 օդաչու և 1 գնդացրորդ) ուղղաթիռը կարող է տեղափոխել նաև թվով 8 զինծառայող։ Ուղղաթիռը կարող է զարգացնել 325 կմ/ժ առավելագույն արագություն և մեկ լիցքավորումով իրականացնել թռիչք՝ մինչև 530 կմ հեռավորության վրա։ Սպառազինությունում Lynx AH.9A-ն ունի տարբեր տրամաչափի հրանոթներ ու գնդացիրներ, ինչպես նաև կառավարվող հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *