ՌԴ-ն ու Բելառուսը նախատեսում են ինժեներական ստորաբաժանումների զորավարժություն անել

Ռուսաստանն ու Բելառուսը 2014 թվականին նախատեսում են մարտավարական զորավարժություն անցկացնել, որին ներգրավվելու են ինժեներական, ինչպես նաև քիմիական, ճառագայթման, կենսաբանական զենքերի դեմ պաշտպանության ստորաբաժանումները։

«Արևմուտք-2013» զորավարժությունից

«Արևմուտք-2013» զորավարժությունից

Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը։

«Նախատեսվածի համաձայն համատեղ զորավարժություններ արվում են, բայց մասշտաբային զորավարժություն լինում է 2 տարին մեկ անգամ (հեղ-նկատի ունի «Արևմուտք» զորավարժությունը)։ Այդ իսկ պատճառով այս տարի մանևրեր կլինեն նաև համաժողովների, մարտավարական վարժանքներին զուգընթաց»,- հայտարարել է Գոլուբը։

Ըստ նրա՝ զորավարժությունները կանցկացվեն ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։

Հավելենք, որ ապրիլի 21-ին Ռուսաստանի և Բելառուսի ռազմաօդային ուժերի ավելի քան 150 ներկայացուցիչներ համատեղ համաժողովի համար հանդիպել էին Աստրախանի շրջանի Աշուլուք զորավարժարանում, որտեղ համաժողովին զուգահեռ զինծառայողները կրակելու էին Ս-300 զենիթահրթիռային համակարգերից, Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրներից, ինչպես նաև ռմբակոծելու և հրթիռներ էին արձակելու Սու-34, Սու-35, Յակ-130 և ՄիԳ-29 ինքնաթիռներից։

Ապրիլի 21-25-ին անցկացված համաժողովը նախագահել է ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը տարվա ընթացքում մի քանի խոշոր զորավարժություն են իրականացնում, որից ամենախոշորն ու հայտնին «Արևմուտքն» է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *