Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ապրիլի 26-ի երեկոյան քրդերն առևանգել են Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի երկու զինծառայողի։ Զինված անձինք, որոնք, ըստ թուրքական լրատվամիջոցների, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) համախոհներ են, թուրք ժանդարմներին տարել են անհայտ ուղղությամբ։
Ապրիլի 26-ին քուրդ բնակիչները փակել են Դիարբեքիրից Բինգյոլ (Բյուրակն) տանող ավտոճանապարհը՝ բողոքելով Դիարբեքիրի Լիջե շրջանի գյուղերից մեկում ժանդարմերիայի հենակետ կառուցելու դեմ։ Այս ընթացքում էլ զինված անձինք առևանգել են ժանդարմերիայի սերժանտներին, ովքեր փորձում էին դեպքի վայր հասնել ավտոբուսով։ Նրանց իջեցրել են ավտոբուսից և տարել անհայտ ուղղությամբ։
Թուրքական «Զաման» պարբերականը նշում է, թե առևանգողներն ավելի ուշ պահանջել են դադարեցնել ժանդարմերիայի հենակետի կառուցումը, որի դեպքում էլ կվերադարձնեն զինծառայողներին։
Բողոքի ակցիան միայն ճանապարհը փակելով և թուրք ժանդարմների առևանգումով չի ավարտվել։ Ակցիայի ժամանակ մասնակիցները զինծառայողների ուղղությամբ ձայնային ռումբ են նետել, ինչի հետևանքով 9 ժանդարմ է վիրավորվել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Թուրքական կողմն ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել։
Լարվածությունը շարունակվում է, ավտոճանապարհը դեռ փակ է։