Ձերբակալել են Ադրբեջանի ՊՆ գիտահետազոտական կենտրոնի նախկին ղեկավարին

Ապրիլի 26-ին հայտնի է դարձել՝ պետական գույքի սեփականացման և պաշտոնական իրավասությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական կենտրոնի նախկին ղեկավար Էլչին Խալիլովը: Ռազմական դատարանը նրա նկատմամբ 3 ամիս ժամկետով նախնական կալանք է սահմանել:

Էլչին Խալիլով

Էլչին Խալիլով

Ադրբեջանի ռազմական դատախազության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ մեղադրանքները ներկայացվել են քրեական օրենսգրքի 308.2 (պաշտոնական դիրքի չարաշահում, որը ծանր հետևանքների է հանգեցրել) և 179.3.2 (նյութական ունեցվածքի սեփականացում կամ մեծ չափերի վատնում) հոդվածներով: Նրան սպառնում է 7-12 տարի ազատազրկում:

Նկատենք, որ Խալիլովն Ադրբեջանում և դրա սահմաններից դուրս հայտնի գիտնական է, ունի երկրաշարժերի տեսության և կանխորոշման սեփական կենտրոնը: 1989-ին ղեկավարել է INTERGEO-TETHYS միջազգային երկրաբանական կենտրոնը: 1991-1995-ին եղել է Բաքվի քաղաքային խորհրդի պատգամավոր:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Խալիլովի՝ ՊՆ համակարգում պաշտոն ունենալու մասին հասարակության լայն զանգվածներին հայտնի է դառնում միայն այժմ, երբ նրան ձերբակալել են: Բաց աղբյուրների համաձայն՝ 2013-ի հոկտեմբերի վերջին ՊՆ-ից հեռացված պաշտոնյաների շարքում հիշատակվում է նաև Խալիլովի անունը: Նշենք, որ սույն կադրային փոփոխությունները մեկնարկեցին 2013-ի հոկտեմբերի 22-ին Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նոր նախարար նշանակվելուց ի վեր: Մինչ օրս տեսակետներ են հնչում, որ կաշառակերություն քողի ներքո Հասանովն իրականում «մաքրում է» երկրի ռազմական կառույցները նախկին նախարար Սաֆար Աբիևի կադրերից և մտերիմներից՝ փորձելով հնարավորինս տարածել սեփական ազդեցությունը: Էլչին Խալիլովը ևս համարվում է Աբիևի համախոհներից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *