Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 26-ին հանդիպել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մոհսուն Փաքայիին:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են Հասանովի՝ Իրան կատարած վերջին այցի արդյունքները, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, երկկողմ համագործակցության հեռանկարները:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում Իրանի զինված ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Էմիր Ֆերեսի Մոեզը:
Հիշեցնենք, որ ապրիլին Իրան էին այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Ալիևի այցի ընթացքում կնքվել էին 3 հուշագիր ու 1 համաձայնագիր։
Բացի այդ, օրերս քննարկվում էր Կասպից ծովի ջրային տարածքների հիմնախնդիրը, իսկ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել էր՝ Իրանը հետ չի կանգնելու Կասպից ծովի հարցում որդեգրած դիրքորոշումից։