Ռազմաշաբաթ. Ադրբեջան. ապրիլի 20-26

1 մարտական, 1 ոչ մարտական վիրավոր՝ մեկ շաբաթում։ Ադրբեջանում հալածում են ծայրահեղ իսլամիստներին։ Ձերբակալել են ՌԾՈւ նախկին հրամանատարին։ Ղազախստանի պաշտպանության նախարարի հանդիպումներն Ադրբեջանում։ Զաքիր Հասանովի այցը Թուրքիա։ Բաքվի նավաշինարանում կառուցելու են առաջին ռազմանավը։ Ադրբեջանը գնում է ռուսաստանյան քարշակող կատերներ։ «Եհովայի վկաների»՝ պարտադիր զինծառայությունից խուսափելու հարցը՝ Ադրբեջանի օրակարգում։

ԲՄԿ-225 կատեր

ԲՄԿ-225 կատեր

Ադրբեջանի՝ Հայաստանին (Արցախին) սահմանամերձ Բարդայի շրջանում օրերս ավտովթար է գրանցվել, որի հետևանքով տուժել են 4 հոգի, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկն ու մեկ ոստիկան։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլնուր Ալի օղլու Մեջիդովն ապրիլի 23-ի երեկոյան ժամերին առաջնագծի Ֆիզուլու հատվածում, համաձայն ադրբեջանական վարկածի, մարտական հերթապահություն կատարելիս հրազենային վնասվածք է ստացել «հայկական գնդակից»։

Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտնչող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»  ծայրահեղ իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի զինյալների մասնակցությամբ հերթական տեսանյութը տարածվել է համացանցում։ 

Թուրքիայի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են Հաթայ (Ալեքսանդրեթ) ու Քիլիս նահանգից սահմանն անցնել փորձող Ադրբեջանի 3  քաղաքացիների։ 

-Վերջին օրերին Ադրբեջանի հյուսիսային և հարավարևելյան շրջաններից լուրեր են ստացվում ծայրահեղ իսլամիստների դեմ իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած կոշտ գործողությունների և դրանց հետևանքների մասին:

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդները, որը գրանցված է և օրինական հիմունքներով գործում է Ադրբեջանում, հրաժարվում են պարտադիր զինծառայություն անցնել ադրբեջանական զինուժում: Նրանց խնդիրը կրկին Ադրբեջանի օրակարգում է։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում հերթական ձերբակալության դեպքն է արձանագրվել։ Ռազմածովային ուժերի արդեն նախկին սպա, 56-ամյա գնդապետ Հասըմ Գուլիևին ձերբակալել են կաշառակերության մեղադրանքով։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին Իլհամ Ալիևի հրամանագրով հեռացվել էր պաշտոնից: Ապրիլի 23-ին նրան ձերբակալել են կաշառակերության մեղադրանքով։ Սուլթանովը կտրականապես հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել, պնդում է, որ իրեն անհիմն ձերբակալել են ընդամենը մեկ վկայի ցուցմունքների համաձայն։ 

-Իրանական Oyannews կայքի փոխանցմամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 21-ի երեկոյան ժամերին զինված բախում էր գրանցվել, որի հետևանքով կան 4 զոհեր և տուժածներ։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հերքել է տեղեկությունը։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 21-ին, ընդունել է Ղազախստանի պաշտպանության նորանշանակ նախարար Սերիք Ահմեդովին։

-Ապրիլի 22-ին էլ Ահմեդովին հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 19-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսմեն Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությանը։ 

 Զաքիր Հասանովն ապրիլի 22-ին մեկնել է Թուրքիա։ Այցը պաշտոնական չէ, նպատակը 1915-ի Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի նահատակների հիշատակը հարգելն ու ճակատամարտի 99-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելն է։ Հասանովի այցը տևել է մինչև ապրիլի 25-ը։

Մալայզիայում կայացած DSA-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որին մասնակցում էր նաև Ադրբեջանը, հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմը ռուսաստանյան «Վիմպել» նավաշինական ընկերությանը պատվիրել է 14122 նախագծի ԲՄԿ-225 քարշակող կատերներ:

-Ադրբեջանի ու Սինգապուրի համատեղ «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ում Ադրբեջանը նախատեսում է 2015-ի հունվարին սկսել իր առաջին ռազմանավի կառուցումը։

2014-ի սեպտեմբերի 11-14-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն պաշտոնական կայքի, մասնակցում է նաև Բոսնիան ու Հերցեգովինան ներկայացնող Unis Group ընկերությունը, որը ոչ պաշտոնական տվյալներով՝ 200 հատ Commando ականանետեր է վաճառել Հայաստանին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *