Ադրբեջանն իսլամիստների նկատմամբ բռնաճնշումներով փորձում է լուծել Սիրիա մեկնող իր զինյալների խնդիրը

2013-ի ամռան ամիսներից ի վեր ադրբեջանական մամուլը լուրեր է տարածում Սիրիա մեկնող, այնտեղ ծայրահեղ իսլամիստական խմբավորումների կազմում մարտնչող և սպանված ադրբեջանցի զինյալների մասին: Նրանց՝ Սիրիա ուղղորդման և վերապատրաստման հարցում մեղադրում են իսլամի ուղղություններ վահաբիզմի և սալաֆիզմի տեղի հետևորդներին:

Վերջին օրերին Ադրբեջանի հյուսիսային և հարավարևելյան շրջաններից լուրեր են ստացվում ծայրահեղ իսլամիստների դեմ իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած կոշտ գործողությունների և դրանց հետևանքների մասին:

2014-ի ապրիլի 23-ին ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում՝ Musavat.com-ը, հաղորդում են՝ հարավարևելյան Սալյանի շրջանում գրեթե արտակարգ դրություն է մտցված։ Խնդիրն այն է, որ ոստիականական ուժերն օրեր առաջ ձերբակալել էին վահաբիզմի տեղի հետևորդներին, ստիպել նրանց կտրել մորուսները։ Սույն հանգամանքը բարկություն են առաջ բերել իսլամիստական համայնքի շարքերում, և նրանք խոստացել էին վրեժ լուծել։ Ուստի իրավապահ մարմինները հարկադրված էին եղել ուժեղացնել հիվանդանոցների և դպրոցների հսկողությունը։

Արտակարգ դրություն սահմանելու տեղեկությունը հերքում է Haqqin.az լրատվակայքը, սակայն իր հերթին հաղորդում է՝ Սալյանի դպրոցներից մեկում աշակերտների ծնողները հերթապահություն են սահմանել, քանի որ, ըստ իրենց խոսքերի, վահաբականներն ու սալաֆիզմի հետևորդներն անարգել մուտք են գործում դպրոց, կարող են սպառնալիք լինել իրենց երեխաների համար։

Հատկանշական է, որ նույն օրը հայտնի դարձավ՝ Ադրբեջանի մեկ այլ՝ Յասամալի շրջանում (Բաքվի վարչական շրջաններից մեկն է) Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է սուննիադավան 14 հոգու։ Մասնավորապես, 57-ամյա Ալի Ասքերլիի բնակարանում, որտեղ «նաքշբենդի» սուննիական ուղղության հավաքատեղի է, հայտնաբերել են ծայրահեղ կրոնական բովանդակության գրականություն, կրոնական բովանդակության պաստառներ ու քարտեզներ։
Նկատենք, որ «նաքշբենդի» ուղղությունը տարածված է հիմնականում Հյուսիսային Կովկասում, գերազանցապես՝ Չեչնիայի տարածքում։

Հաջորդ օրն արդեն՝ ապրիլի 25-ին, հաղորդվում է Ադրբեջանի հյուսիսային Խաչմազի շրջանի Սիյազան քաղաքում վահաբականների բողոքի ցույցի մասին։

Այսպիսով, ամփոփելով ընդհանուր պատկերը՝ կարելի է եզրակացնել, որ Սիրիա մեկնող ադրբեջանցիների հոսքը կասեցնելուն ուղղված իշխանությունների սույն քայլերը, ըստ էության, գրեթե չեն ազդում իրավիճակի փոփոխության վրա։ Ադրբեջանի քաղաքացիների՝ Սիրիա մեկնելու դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների՝ դյուրին կերպով տարածման հիմքերը, Ադրբեջանի սուննիների ու շիաների միջև հակասությունների երևան գալը, չեզոքացնելու փոխարեն Ադրբեջանի պատկան մարմիններն ընտրել են առավել քիչ ջանքեր ու ռեսուրսներ պահանջող ուղին՝ վաբականների, սուֆիականների և սալաֆականների նկատմամբ բռնաճնշումներ, հալածանք, ձերբակալություններ։ Ընդ որում, նման քայլերը կարող են ունենալ հակառակ ազդեցությունը՝ հանգեցնելով կրոնական տարբեր համայնքների միջև բախումների, անվտանգության առումով լուրջ խնդիրների, նաև իսլամիստների բողոքի ցույցերի։ Ավելին, Ադրբեջանի իրավապահները, որպես պատրվակ օգտագործելով Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալներ սուր և արդի խնդիրը, ազգային փոքրամասնություններով (հիմնականում լեզգիներով) բնակեցված շրջաններում զանգվածային ձերբակալություններ են իրականացնում։

Հարկ է շեշտել նաև, որ Ադրբեջանը պաշտոնապես մինչ օրս չի հաստատել, որ մամուլում հրապարակված, սպանված զինյալների լուսանկարներում ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։ Բայց կասկածից վեր է, որ ադրբեջանցիների հոսք դեպի Սիրիա առկա է՝ դատելով ադրբեջանական մի շարք կայքերում տեղ գտած ադրբեջանցի զինյալների ընտանիքների անդամների և հարազատների հետ հարցազրույցներից, ինչպես նաև Սիրիայում ընթացող մարտերը ներկայացնող տեսագրություններից։

Կարևոր է նշել, որ Ադրբեջանի պատկան մարմինները թերևս չեն կարող նույնիսկ օրենքի սահմաններում հարկադրել քաղաքացիներին չմեկնել Սիրիա ու չանդամակցել զինված խմբավորումներին։ Նրանց կարող են այս քայլերի համար պատժել միայն այն դեպքում, երբ վերադառնան Ադրբեջան, սակայն հենվելով ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա՝ կարող ենք արձանագրել՝ զինյալների զգալի մասը ոչ միայն չի վերադառնում Ադրբեջան, այլև որոշ ժամանակ անց Սիրիա տեղափոխվելու կոչեր է անում իր ընտանիքի անդամներին և իր ընկերներին։

Ստացվում է՝ միակ ճանապարհն իսլամիստներով բնակեցված շրջաններում սոցիալական և հասարակական արմատական բարեփոխումների իրականացումն է, ոչ թե դրանց իմիտացիան։ Ադրբեջանի իշխանություններն այս պահի դրությամբ ընտրել են իմիտացիայի ուղին։ Իշխանությունների դիրքորոշումն արտացոլող մամուլում էլ խնդրի պատճառներն ու հավանական լուծումները երկրի ներսում փնտրելու փոխարեն՝ Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցում մեղադրում են թե´ գյուլենականներին, թե´ Սաուդյան Արաբիային, թե´ լեզգիների մզկիթների կրոնական համայնքների առաջնորդներին, թե´ արտաքին անհայտ ուժերին։

Տե´ս նաև։ Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրում այժմ էլ մեղադրում են գյուլենականներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *