ՌԴ-ի զորավարժություններ՝ Ուկրաինայի հետ սահմանին. քննարկվում է խաղաղապահների մուտքը

Ապրիլի 24-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում զորավարժությունների մեկնարկի մասին՝ շեշտելով՝ «ՌԴ-ն պարտավոր է արձագանքել ստեղծված իրավիճակում»։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունը, զորավարժություններին մասնակցում են ՌԴ ԶՈւ Արևմտյան ու Հարավային ռազմական օկրուգների ստորաբաժանումները։ Շոյգուն հավելել է՝ ՌԴ օղուժը ևս վարժանքների շրջանակներում թռիչքներ է անցկացնելու Ուկրաինայի հետ սահմանին։ Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցում է 11 հազար զինծառայող, 160 միավոր տանկ, ավելի քան 230 միավոր ԲՄՊ և ԲՏՌ, կիրառվում է 150 միավոր ականանետ։

ՌԴ պաշտպանության նախարարը նաև ընդգծել է՝ Ուկրաինայի իշխանություններն արդեն իսկ «որոշում են ընդունել զենք կիրառել սեփական երկրի խաղաղ բնակիչների դեմ»։ «Եթե այդ «ռազմական մեքենայի» ընթացքը չկասեցվի, այն կհանգեցնի մեծ թվով զոհերի ու վիրավորների։ Իրավիճակը չեն փոխում անգամ Լեհաստանում ու Մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի հայտարարած զորավարժությունները»,-նկատել է Շոյգուն։

Նախարարը նաև անդրադարձել է Ուկրաինայի արևելյան շրջաններում այսպես կոչված «ինքնապաշտպանական ուժերին»։ «Նրանց թիվը մոտ 2 հազար է, ունեն շուրջ 100 միավոր հրազեն, որն էլ ձեռք են բերել տեղի ոստիկանական բաժանմունքների վրա գրոհի արդյունքում։ Ուկրաինայի ԶՈւ-ի հետ համեմատելով՝ տեսնում ենք, որ ուժերն անհավասար են»,-վկայել է նախարարը։

Նկատենք, որ Շոյգուի հայտարարությանն արձագանքել են ՌԴ մի շարք ռազմական գործիչներ։ Մասնավորապես, ՌԴ ԶՈւ ԳՇ նախկին պետ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկին ասել է՝ ասելով՝ եթե ՌԴ-ի սահմանին «այդպիսի շարժ է սկսվում, ուստի համապատասխան արձագանք պետք է տանք։ ՌԴ ԶՈւ այս զորավարժություններն օրինական են, միևնույն ժամանակ ուղղված են Կիևի իշխանություններին սթափեցնելուն»։

Հատկանշական է, որ այսօր արդեն՝ ապրիլի 25-ին, ՌԴ Դաշնությունների խորհուրդի ներկայացուցիչները հայտարարել են՝ չեն բացառում ՌԴ խաղաղապահների մուտքն Ուկրաինա։ «Անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունների սեղանի շուրջ հրավիրել ՌԴ-ին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ուկրաինային՝ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում խաղաղապահ առաքելություն իրականացնելու պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով»,-հայտարարել է խորհրդի անդամ Վալերի Շնյակինը։ Նա ընդգծել է՝ համապատասխան փաստաթուղթ են պատրաստում ապրիլի 29-ին խորհրդի նիստին հաստատելու համար, իսկ եթե իրավիճակը սրվի, ավելի սեղմ ժամկետներում կքննարկեն։

Ավելին, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վալերիյ Չուրկինը ևս կողմ է արտահայտվել ՌԴ-ի՝ Ուկրաինա խաղաղապահ զորքեր մտցնելու ծրագրերին՝ հավաստիացնելով, որ դա համապատասխանում է թե´ ՄԱԿ-ի կանոնադրությանը, թե´ միջազգային իրավունքի նորմերին։

Հավելենք, որ 2014-ի ապրիլի սկզբից ի վեր Դոնեցկի շրջանում բնակչության ռուսամետ մասը ցույցեր է կազմակերպում՝ պահանջելով նոր ՏԻՄ ընտրություններ և Կիևից անկախացմանը միտված հանրաքվեի անցկացում։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են արևելյան շրջաններում «հակաահաբեկչական գործողությունների անցկացում», որոնց նպատակն իրականում ցույցերի ճնշումն է։

Հարկ է նշել, որ ուկրաինական կողմը վերջին շրջանում իր ռազմական նշանակության օբյեկտների վրա հարձակումները համարում է «ՌԴ-ի սադրանքը» կամ էլ մեղադրում դրանցում ռուսաստանցանիներին դրանցում անմիջական մասնակցության համար: Ռուսական կողմը հերքում է նման տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *