Բաքվի ցուցահանդեսին մասնակցելու է «Հայաստանին ականանետեր վաճառած» Unis Group ընկերությունը

2014-ի սեպտեմբերի 11-14-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն պաշտոնական կայքի, մասնակցում է նաև Բոսնիան ու Հերցեգովինան ներկայացնող Unis Group ընկերությունը։

Commando ականանետ

Commando ականանետ

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը, Unis Group ընկերությունը 2010-ին Հայաստանին վաճառել է 200 հատ  Commando ականանետեր։ Այս ականանետի զանգվածը 8 կգ է, տրամաչափը՝ 60 մմ, կրակի հեռավորությունը՝ 1500 մ։

Աղբյուրը նաև հավելում է՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ Unis Group-ը պատրաստվում է DG Arms Corporation հայկական ընկերության հետ Հայաստանի տարածքում ականանետերի արտադրություն հիմնել։ Haqqin.az-ի հոդվածագիրը տարակուսում է՝ արդյոք ADEX-2014-ի կազմակերպիչները տեղյակ են, որ «Հայաստանին սպառազինող ընկերությանը հրավիրել են սեփական ցուցահանդեսին մասնակցելու»։

Նկատենք, որ հայկական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել Unis Group-ից ականանետեր գնելու տեղեկությունը։ Այլ աղբյուրներում ևս սույն տեղեկության վերաբերյալ հավելումներ չկան։

Ինչ վերաբերում է DG Arms Corporation ՓԲԸ-ին, ապա դրա վերագործարկման պաշտոնական արարողությունը կայացել է դեռևս 2014-ի սեպտեմբերի 6-ին։ Այդ ժամանակ հաղորդվում էր՝ ընկերության գործարաններում ակնկալվում է տարեկան արտադրել 100 մլն հատ փամփուշտ։

Բացի այդ, 2012-ի ամռանն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն աղմուկ էր բարձրացրել՝ հրապարակելով մի փաստաթուղթ, որում նշվում է՝ 2011-ի օգոստոսի 21-ին ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ուկրինմաշ» ընկերության ու DG Arms Corporation ՓԲԸ-ի միջև ստորագրվել է 12.7×108 մմ տրամաչափի 800 հազար հատ փամփուշտ գնելու պայմանագիր: Ըստ աղբյուրի՝ գործարքի արժեքը 298 հազար դոլար էր: Փաստաթղթի տակ դրված էին «Ուկրինմաշ» ընկերության փոխտնօրեն Օլեգ Կոստենկոյի և DG Arms Corporation ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանի ստորագրությունները:

One response to “Բաքվի ցուցահանդեսին մասնակցելու է «Հայաստանին ականանետեր վաճառած» Unis Group ընկերությունը

  1. Pingback: Բաքվի ցուցահանդեսին մասնակցելու է «Հայաստանին ականանետեր վաճառած» Unis Group ընկերությունը Razm.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *