Դանիան նոր նմուշի գնդացիրներ կգնի հետևակային ստորաբաժանումների համար

Դանիայում ավարտվել է հետևակային ստորաբաժանումների համար նախատեսված գնդացրի ընտրության նպատակով հայտարարված մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել ամերիկյան US Ordnance ընկերության 7.62 մմ-անոց M60E6 գնդացիրը։ Դանիայի զինված ուժերում այն մասնակիորեն կփոխարինի LMG m/62 գնդացիրը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

US Ordnance ընկերության M60E6 գնդացիրը. Դանիայի ԶՈւ

US Ordnance ընկերության M60E6 գնդացիրը. Դանիայի ԶՈւ

Մրցույթում հաղթած M60E6 գնդացիրը ամերիկյան բանակում դեռևս 1957-ից օգտագործվող M60-ի կատարելագործված տարբերակն է։ Վերջինս լայնորեն կիրառվել է զինված մի շարք հակամարտություներում՝ այդ թվում նաև Վիետնամական պատերազմում։ Մրցույթի ֆավորիտների ցանկում եղել է նաև գերմանական Heckler & Koch ընկերությունն իր HK121 Infanterie (թարգմ.՝ հետևակային) գնդացրով, սակայն վերջնական նախապատվությունն իր կողմը գրավել ընկերությանը չի հաջողվել։

Նախատեսվում է, որ US Ordnance-ը M60E6 գնդացիրների մատակարարումը դանիական բանակին կսկսի 2014-ի վերջից։ Ծավալների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշենք, որ 2012-ի դեկտեմբերին, երբ հայտարարվեց մրցույթը, խոսքը գնում էր մոտ 700 գնդացրի գնման մասին։ Նշենք նաև, որ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 16.5 միլիոն ամերիկյան դոլար։

Հարկ է նկատել, որ նոր գնդացրի անհրաժեշտության մասին Դանիայի զինված ուժերի ղեկավարությունը սկսեց մտածել Աֆղանստանում իրականացրած մի շարք ռազմական գործողություններից հետո։ Գործնականում պարզ դարձավ, որ ներկայումս շահագործվող LMG m/62 գնդացիրները բավական ծանր են, ինչն ուղղակիորեն անդրադառնում է ողջ ջոկի շարժունակության և որպես դրա հետևանք՝ մարտունակության վրա։ Հայտարարված մրցույթում գնդացրից պահանջվող հիմնական բնութագրերից մեկը եղել է հենց թեթև քաշը՝ համակցված իհարկե կրակի արդյունավետության բարձր աստիճանով։

Ինչ վերաբերում է հնացած LMG m/62 գնդացիրենրին, ապա դանիական բանակում դրանց ամբողջական փոխարինման մասին խոսելը դեռևս վաղ է։ Սակայն կա որոշում՝ դրանք տեղադրել հիմնականում զրահամեքենաների վրա, քանի որ այդ պարագայում գնդացրի քաշը որևէ էական դեր չի խաղում։

Հավելենք՝ Դանիայի ԶՈւ ղեկավարությունը մտադիր է M60E6 գնդացիրները համալրել նաև լրացուցիչ մի շարք սարքավորումներով, որոնց թվում են օպտիկական, գիշերային տեսանելիության ու լազերային նշանոցները։ Վերջնական տարբերակում լրացուցիչ ինչ սարքավորումներով կօժտվի գնդացիրը՝ պարզ կլինի 2015-ին։

US Ordnance ընկերության արտադրած M60E6 գնդացրի քաշը 9.35 կգ է։ Կրակի տեմպը րոպեում 500-ից 650 կրակոց է, արդյունավետ հեռավորությունը՝ 1 100 մետր։ Գնդացիրը կրակը կարող է վարել ինչպես կրակահերթով, այնպես էլ մենահատ կրակոցներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *