Ապրիլի 22–ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել եգիպտացի իր պաշտոնակցի հետ, որի ընթացքում հաստատել է իր երկրի մտադրությունը՝ Եգիպտոսի զինված ուժերին տրամադրել AH-64 Apache հարվածային ուղղաթիռների 10 օրինակ։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը գնում է այդ քայլին Սինայի թերակղզում ահաբեկչական խմբավորումների հնարավոր գործունեության կասեցումն ավելի դյուրին դարձնելու նպատակով, ինչը բխում է ինչպես ԱՄՆ-ի ու Եգիպտոսի, այնպես էլ Իսրայելի շահերից։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև սպառազինության մատակարարման պայմանագրերը Apache ուղղաթիռներով չեն սահմանափակվում։ Եգիպտոսն ԱՄՆ-ից գնել է նաև F-16 կործանիչներ, որոնց մատակարարումը սակայն ձգձգվում է, իսկ ամերիկյան կողմը դրան որևէ պատճառաբանություն չի տալիս։
Ռոյթերս գործակալությունը հղում անելով Պենտագոնի իր անանուն աղբյուրին՝ նշում է, որ խոշոր սպառազինության մատակարարումները Եգիպտոսին հետաձգվում են, քանի որ ԱՄՆ-ն զգուշավորություն է ցուցաբերում բանակի գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի նկատմամբ, ով համարվում է 2014-ի մայիսի վերջին երկրում սպասվող նախագահական ընտրություններում ամենահավանական հաղթողը։
Միացյալ Նահանգներին դեռևս պարզ չեն Ֆաթթահ ալ Սիսիի դիրքորոշումն առանցքային մի շարք հարցերի շուրջ, ինչն էլ պատճառ է, որպեսզի ձգձգվի լուրջ սպառազինության մատակարարումը Եգիպտոսին։
Հավելենք, որ 1979-ից ի վեր, երբ Իսրայելի ու Եգիպտոսի միջև կնքվեց հաշտության պայմանագիր, վերջինս Միացյալ Նահանգներից սկսեց ստանալ զգալի ծավալների օժանդակություն։ Միջինացված տվյալներով՝ Եգիպտոսին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության ծավալները տարեկան կազմում են շուրջ 1.5 միլիարդ դոլարին համարժեք արտադրանք։