Ռուսաստանը կատարելագործում է ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի հնարավորությունները

Ռուսաստանում անցկացվող Նավտեխ-2014 ցուցահանդեսի ժամանակ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը բավական ուշագրավ տեղեկություններ է հայտնել ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի զարգացման և դրա կայանների ցանցի ընդլայնման վերաբերյալ։ Այս մասին հաղորդումէ ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի նախագծի տարբերանշան

ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի նախագծի տարբերանշան

Իվանովի խոսքերով, ուշադրության կենտրոնում է ոչ միայն ԳԼՈՆԱՍՍ համակարգի միջոցով մատուցվող նավիգացիոն ծառայությունների որակի բարձրացումն, այլև դրանց ներդրումը պետական տարբեր հաստատությունների և ճգնաժամային կառավարման ծառայությունների աշխատանքներում։

Պաշտոնյան հայտնել է, որ կա մտադրություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տարածքում ստեղծել նավիգացիոն միասնական տիրույթ։ Թե ինչ է ենթադրում վերջինս՝ Իվանովը չի հստակեցրել, սակայն նշել է, որ նախնական պայմանավորվածություն կողմերի միջև արդեն ձեռք է բերվել ու այն ամրագրվել է համապատասխան փաստաթղթերի ստորագրումով։

Խոսելով ԳԼՈՆԱՍՍ համակարգի աշխատանքն ապահովող ցամաքային կայանների ընդլայնման մասին, Սերգեյ Իվանովը հայտնել է, որ նախատեսվում է 36 երկրներում հիմնել թվով 50 կայան։ Համեմատության համար նշենք, որ ներկայումս այդպիսի կայանների թիվը 2-ն է, որոնցից մեկը տեղակայված է Անտարկտիդայում, իսկ մյուսը՝ Բրազիլիայում։

Շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև նավիգացիոն համակարգի միջոցով կատարված տեղորոշման շեղումների նվազեցման ուղղությամբ։ Արդյունքում՝ ԳԼՈՆԱՍՍ-ի տրամադրած կորդինատների շեղումը կազմում է շուրջ 2.9 մետր, մինչդեռ ամերիկյան GPS (Ground Positioning System) համակարգի շեղումը 1.8 մետր է։ Նշենք սակայն, որ թվերը ներկայացրել է ռուսաստանցի պաշտոնյան, միչդեռ ամերիկյան կողմը խոսելով GPS համակարգի տրամադրած կորդինատների շեղումից՝ նշում է ավելի փոքր թվեր։

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, ուստի բնական է, որ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Այստեղից ծագեց նավիգացիոն սեփական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտություն, ինչն էլ իրագործվեց ԳԼՈՆԱՍՍ-ի (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) շնորհիվ:

One response to “Ռուսաստանը կատարելագործում է ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի հնարավորությունները

  1. Pingback: Ռուսաստանը հունիսի 1-ից կարող է դադարեցնել GPS համակարգի 10 կայանների աշխատանքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *