Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին ձերբակալել են

Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին Իլհամ Ալիևի հրամանագրով հեռացվել էր պաշտոնից: Այսօր արդեն հայտնի է դարձել, որ նրան ձերբակալել են։

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը, Սուլթանովին ձերբակալել են երեկ երեկոյան։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրան մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի 313 (ծառայողական փաստաթղթերի կեղծում) և 179.3.2 (խոշոր չափի գումարների յուրացում) հոդվածներով։ Սուլթանովը որպես կասկածյալ է հանդես գալիս արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Այնուհանդերձ, Սուլթանովի ձերբակալությունը սպասելի էր՝ հաշվի առնելով Ադրբեջանի ՌԾՈւ համակարգում սույն թվականի հունվարից մեկնարկած լայնամասշտաբ տեսչական ստուգումները (դրանց հետևանքով ձերբակալվել է 6 բարձրաստիճան զինվորական) և ձերբակալությունների ալիքը։

Այսպես, ապրիլի 21-ին ռազմածովային ուժերի արդեն նախկին սպա, 56-ամյա գնդապետ Հասըմ Գուլիևին ձերբակալել էին կաշառակերության մեղադրանքով։

Մարտի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հեռացվել էր նաև ՌԾՈւ հրամանատարի՝ մոտ 3 շաբաթ պաշտոնավարած պաշտոնակատարը՝ առանց նշելու հեռացման պատճառների և հանգամանքներների մասին։ Մի քանի օր անց Յունուս Մամեդովին ձերբակալել են։ Մամեդովը ՌԾՈւ-ում տեսչական ստուգումներից հետո ապրիլի 3-ին կանչվել է ռազմական ոստիկանություն, նրան մեղադրանքներ են առաջադրել խարդախության և պաշտոնական փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Որպես խափանման միջոց սահմանվել է 3 ամիս ժամկետով կալանքը։

ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել երկրորդ կարգի կապիտան Շահին Մամեդովը, որը ստանձնել է նաև ՌԾՈւ շտաբի պետի պարտավորությունները։

Նկատենք, որ դեռևս մարտի 6-ին հայտնի էր դարձել՝ 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովը «մաքրում է» ռազմածովային ուժերը նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ բարձրաստիճան զինվորականներից:

Հարկ է նշել, որ նույն ինքը՝ Շահին Սուլթանովը ևս Սաֆար Աբիևի կադրերից էր համարվում: Նա ավարտել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ակադեմիայի նավիգացիայի բաժինը, 1999-ին նշանակվել է ՌԾՈւ հրամանատար, 2002-ին նրան շնորհվել է կոնտրծովակալի, իսկ 2005-ին՝ փոխծովակալի կոչում: Նրան են վերագրում Ադրբեջանական ՌԾՈւ սերտ համագործակցության հաստատումը Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերի հետ:

Հավելենք նաև, որ ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ պետական գույքի յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար պատասխանատվության է ենթարկվել Շահին Սուլթանովի եղբայրը՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում աշխատող Էլչին Սուլթանովը։

One response to “Ադրբեջանի ռազմածովային ուժերի նախկին հրամանատարին ձերբակալել են

  1. Pingback: «Կառլ Վինսոն» ավիակիրը հեռանում է Արաբական ծովից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *