ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կասկածում է միջուկային նոր փորձարկման համար

ԱՄՆ-ն հայտարարել է, որ հավանական է Հյուսիսային Կորեան նախատեսում է միջուկային նոր փորձարկում։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն արդեն կոչ է արել Փհենյանին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կսպառնան տարածաշրջանի խաղաղությանը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը

Հավանական է, որ նման հայտարարություն ԱՄՆ-ն արել է հարավկորեական աղբյուրների տվյալների հիման վրա, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի Պունգերի միջուկային ստորգետնյա զորավարժարանում մարտի սկզբից մինչև ապրիլի 19-ն ինչ-որ «ակտիվություն» է նկատվել։ Այդ ամենն էլ հնարավոր է միջուկային նոր պայթուցիկ համակարգի փորձարկման նախապատրաստություն լինի։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ իր հերթին նշել է, որ ուշադիր հետևում են կորեական թերակղզում կատարվող իրադարձություններին։

«Մենք նախկինի պես հորդորում ենք Հյուսիսային Կորեային զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կվտանգեն տարածաշրջանի անվտանգությանը, ինչպես նաև կոչ ենք անում հետևել միջազգային պարտականություններին»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին։

Հյուսիսային Կորեան մարտին նախազգուշացրել էր, որ չի բացառում միջուկային նոր փորձարկումը։ Այս մասին Կորեան հայտարարել էր, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը դատապարտել էր Փհենյանին ծովում բալիստիկ հրթիռ արձակելու համար։ Իսկ այն հարցին, թե ինչ փորձարկման մասին է խոսվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչն ասել էր, որ աշխարհը պետք է «սպասի ու տեսնի»։

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կորեան դեռևս 2005 թվականին հայտարարեց իրեն միջուկային տերություն, որից հետո փորձարկումներ իրականացրեց 2006, 2009 և 2013 թվականներին։

One response to “ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային կասկածում է միջուկային նոր փորձարկման համար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *