ԱՄՆ ՌԾՈւ-ի North Dakota սուզանավի շահագործման հանձնելու ժամկետը հետաձգվել է

Վիրջինիա դասի North Dakota ատոմային սուզանավի շահագործման հանձնելու ժամկետը հետաձգվել է։ Պատճառը սուզանավի վրա հայտնաբերված թերություններն են, որոնք վերհանել է ռազմածովային ուժերի ընդունող հանձնաժողովը։ Այս մասին հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

Virginia դասի North Dakota սուզանավը

Virginia դասի North Dakota սուզանավը

Ի սկզբանե նախատեսված էր, որ North Dakota (Հյուսիսային Դաքոթա) ատոմային սուզանավը շահագործման կհանձնվի 2014-ի մայիսին, սակայն մի շարք համակարգերի աշխատանքում հայտնաբերվել են թերություններ, որոնց շտկման համար անհրաժեշտ կլինի առնվազն մի քանի ամիս։ ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատարությունը չի հայտնել, թե սուզանավի որ համակարգերն ունեն խնդիր, սակայն մասնագետները ենթադրում են, որ խոսքն ամենայն հավանականությամբ Tomahawk հրթիռների արձակման նոր նախագծին պատկանող արձակման կայանի մեջ է։

Վիրջինիա դասին պատկանող 11-րդ սուզանավը հանդիսացող North Dakota-ն դեռևս չէին հանձնել շահագործման, երբ այն արդեն պիտակավորում էին որպես ԱՄՆ ՌԾՈւ ստորջրյա նավատորմի պարծանք։ Եվ իսկապես, սուզանավն իր մեջ ամփոփում է տեխնոլոգիական և կառուցվածքային մի շարք նորարարություններ, որոնցից հարկ է առանձնացնել ատոմային ռեակտորի աշխատանքի բավական մեծ պաշարն ու թևավոր հրթիռների արձակման նոր համակարգը։

Սակայն այժմ, ԱՄՆ ստորջրյա նավատորմի «պարծանքը» ստիպված են վերադարձնել գործարանային կայանատեղի՝ ամբողջական զննում իրականացնելու համար։ Ու սա այն դեպքում, երբ նախատեսվում էր ապրիլի 14-ին սուզանավը դուրսբերել գործարանամերձ ջրային տարածք՝ փորձարկման աշխատանքների իրականացման համար։

Ինչ վերաբերում է շահագործման հանձնելու նոր ժամկետին, ապա նշենք, որ թեև ՌԾՈւ հրամանատարությունը ստույգ ժամկետներ դեռևս չի հայտնել, սակայն սուզանավի կառուցման համար պատասխանատու General Dynamics Electric Boat ընկերությունը պարտավոր է շտկել հայտնաբերված բոլոր թերությունները մինչև ընթացիկ տարվա օգոստոսը, քանի որ պայմանագրով հենց այդ ժամկետն է նշվում որպես թույլատրելի վերջնաժամկետ։

Հավելենք, որ Վիրջինիա դասի North Dakota սուզանավի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2003-ին։ 131 հոգանոց անձնակազմ ունեցող սուզանավի ջրատարողությունը 7 800 տոննա է։ Նավի երկարությունը 115 մետր է, լայնությունը՝ 10.4 մետր։ Այն կարող է սուզվել մինչև 240 մետր խորության վրա և զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *