Ադրբեջանը ռուսաստանյան քարշակող կատերներ է պատվիրել

Մալայզիայում կայացած DSA-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որին մասնակցում էր նաև Ադրբեջանը, հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմը ռուսաստանյան «Վիմպել» նավաշինական ընկերությանը պատվիրել է 14122 նախագծի ԲՄԿ-225 քարշակող կատերներ:

ԲՄԿ-225 կատեր

ԲՄԿ-225 կատեր

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել են վերոնշյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչները՝ շեշտելով, որ ներկա դրությամբ Ադրբեջանի պատվերն իրականացման գործընթացում է:

Այնուհանդերձ, հարկ է նշել՝ պաշտոնական հայտարարություններ երկու կողմերից չեն հնչել, տեղեկության միակ աղբյուրը ներկայումս միայն ԱՊԱ-ն է: Բացի այդ, աղբյուրը չի հստակեցնում՝ երբ է կնքվել կատերների գնման գործարքը, դրանցից քանի միավոր է ստանալու Ադրբեջանը և իր որ ուժային կառույցի համար: Համենայն դեպս, «Վիմպել» ընկերության 2011-ի զեկույցում Ադրբեջանը որպես պատվիրատու չի հիշատակվում:

Հավելենք, որ 1930-ից գործող «Վիմպել» ԲԲԸ-ն զբաղվում է ռազմական հրթիռային, պարեկային, ինչպես և որոնողափրկարարական արագընթաց, ձկնորսական, քարշակող և այլ տիպի կատերների սերիական արտադրությամբ: Հիմնական ձեռնարկությունը տեղակայված է ՌԴ Յարոսլավլի շրջանի Ռիբինսկ քաղաքում: Այն կատարում է ՌԴ 6 ուժային կառույցների, այդ թվում՝ ռազմածովային ուժերի և ԱԻՆ-ի պետպատվերները, իսկ ընկերության արտադրանքն արտահանվում է միջնորդ պետական ընկերության՝ «Ռոսօբորոնէքսպորտի» օգնությամբ: Ընկերությունը 2011-ին հրթիռային և պարեկային կատերներ է տրամադրել Հնդկաստանին, Լիբիային  ու Վենեսուելային: Վերջին խոշոր պայմանագիրը Վիետնամի հետ է, որը ենթադրում է արտոնագրով Վիետնամի տարածքում 12418 նախագծի «Մոլնիա» հրթիռային կատերների համատեղ կառուցում:

Մալայզիայի վերոհիշյալ ցուցահանդեսին ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելկովը հայտարարել է՝ ՌԴ ՊՆ-ից ակնկալում են նոր պատվեր Ղրիմի համար 12150 նախագծի «Մոլնիա» արագընթաց կատերների ստեղծման ու տրամադրման առնչությամբ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրած կատերներին, ապա դրանք հիմնականում կիրառվում են ինժեներական նպատակներով, մասնավորապես՝ գետերի և ոչ մեծ լճերի վրա կամուրջների կառուցման աշխատանքներում: ՌԴ ինժեներական զորքերի մեկ պոնտոնային (կամրջակառույց) պարկն ընդգրկում է 4 միավոր ԲՄԿ-225: Ցամաքային պայմաններում այս կատերը փոխադրվում է ԿրԱԶ-260 կամ Ուրալ-53236 պոնտոնային ավտոմեքենաների վրա: Կատերի երկարությունը 9.06 մ է, լայնությունը՝ 2.76 մ, զանգվածը՝ 7450 կգ, առավելագույն արագությունը ջրի վրա՝ մինչև 20 կմ/ժ, շարժիչը դիզելային է՝ 225 ձիաուժ հզորությամբ:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի սկզբներին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանը թուրքական Nektonbot ընկերությունից գնել է  SHARK PEY-014 պարեկային զրահապատ կատեր պետական պահպանության հատուկ ծառայության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *